Այցելություն Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարան

Այս ինքնատիպ ու բազմագիտակ կինը միշտ հիացրել ու զարմացրել է բոլորին, բայց այն, որ 9-րդ դասարանցիները կլսեն նրա պատմությունները մեծագույն հետաքրքրությամբ՝ իրոք հաճելի փաստ էր:

Ազգագրագետը իր մեծաքանակ հավաքածուով հարուստ առանձնատունը վերածել է թանգարանի և ուրախությամբ ընդունում է հատկապես դպրոցականներին: Ամեն ինչ հետաքրքիր ու ապշեցուցիչ էր. նրա ստեղծած ազգագրական տիկնիկները, Մեծ Հայքի 15 նահանգների տարազների նմուշօրինակները, կանացի արծաթեղենը, նրա հայրենի Նախիջևանի Ագուլիս քաղաքին բնորոշ քաղաքային կենցաղը խորհրդանշող իրերը, 18-րդ դարի եվրոպական զարդատուփերից մինչև Լազարյան գերդաստանին ու Ալեքսանդր Մանթաշյանցին պատկանող անձնական իրերը:

Կարծում եմ՝ իսկական ազգասեր մարդը միայն կարող է ողջ կյանքը նվիրել նման հզոր հավաքածուի ստեղծմանը: Առանձնատան բոլոր բաժինները ուսումնասիրելուց հետո տիկին Լուսիկը երեխաներին հյուրասիրեց հատուկ նրանց համար պատրաստված Սուրբ Սարգսի, Բարեկենդանի և Տրնդեզի տոներին բնորոշ ավանդական քաղցրավենիքը՝ փոխինձը, ինչպես նաև սեփական ձեռքով պատրաստած չրեր:

Երեխաների այն հարցին, թե ինչ աղբյուրներից կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ, տիկին Լուսիկը պատասխանեց. «Կարդացե՛ք ազգագրագետ Վարդ Բդոյան, Ղևոնդ Ալիշան, ուսումնասիրեք հայ մատենագրությունը»:
Շնորհակալություն Լուսիկ Ագուլեցու հարսին՝ Գայանեին՝ ջերմ ընդունելության և հագեցած էքսկուրսիայի համար:

Սյուզի Կարապետյան

 

Facebook IconԿրթական հարթակ