Աշակերտական գիտաժողով

Գիտաժողովի թեման էր՝ <<Կիլիկյան Հայաստանի դերը հայկական պետականության կայացման գործում>>, աշակերտին շատ հոգեհարազատ և հայրենասիրության շունչ արթնացնող մի թեմա: Գիտաժողովն անցկացվեց երկու մասնագիտական սեկցիաների շրջանակներում, որտեղ տեղ գտան Կիլիկյան Հայաստանի ռազմաքաղաքական և տնտեսամշակութային ոլորտները:

Կիլիկյան Հայաստանի սոցիալ-տնտեսական և մշակութային ոլորտին վերաբերվող սեկցիան վարեց <<Օհանյան>> կրթահամալիրի պատմության մասնագետ Սյուզի Կարապետյանը, որը նաև մասնագիտական հանձնաժողովի անդամ էր: Մասնագիտական հանձնաժողովում էին նաև հանրապետությունում ճանաչված պատմաբաններ: Գիտաժողովին իրենց մասնակցությունն ունեցան ինչպես Երևան քաղաքի, այնպես էլ մարզերի դպրոցականներ, որոնք գիտական աշխատանքներ էին պատրաստել Կիլիկյան Հայաստանի քաղաքական, մշակութային, տնտեսական և ռազմական բնագավառների վերաբերյալ:

Իր փայլուն մասնակցությունն ունեցավ նաև մեր կրթահամալիրի իններորդ դասարանի սանուհի Մարիետա Ալեքսանյանը: Նա հանդես եկավ <<Լևոն Մեծագործ արքա>> խորագիրը կրող հետաքրքիր վերլուծական զեկույցով: Գիտական հոդվածում մանրամասնորեն լուսաբանված էր Լևոն արքայի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանն Արևելքի մեծագույն քրիստոնեական պետություն դարձնելու նրա հզոր ջանքերը: Հոդվածում Լևոն Մեծագործը ներկայացված է որպես հայոց տաղանդավոր միապետ, ռազմավար ու դիվանագետ:

Գիտաժողովն ավելի քան հաջողված էր, արդյունքները՝ գոհացուցիչ: Շուրջ յոթ տասնյակ գիտական հոդվածներից զեկույցի համար մասնագիտական հանձնաժողովն ընտրել էր շուրջ 30-ը, որոնցից լավագույն 22-ը կտպագրվեն որպես Կիլիկյան Հայաստանին նվիրված հոդվածների ժողովածու: Որպես լավագույն հոդված՝ ժողովածուի մեջ տեղ կգտնի նաև մեր գիտական աշխատանքը:

Facebook IconԿրթական հարթակ