ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

2015-16 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 Գիտություն առարկայի ուսուցման խորացում.

Արդեն վեցերորդ տարին է, ինչ «Օհանյան» կրթահամալիրում մանկավարժական խորհրդի որոշմամբ, կրթափորձի կարգով ուսուցանվում է «Գիտություն» առարկան՝ որպես միջառարկայական համագործակցության խորացման և հետազոտական ուսուցման հմտություններ զարգացնող դասընթաց:
Մշակվել և գործածության մեջ են դրվել 1-ից 6-րդ դասարանների ծրագրերը: Արդյունքները բավականին ակնառու են. նկատվում են որակական տեղաշարժեր, փոխվել է ուսուցման, հատկապես բնագիտական և տեխնիկական առարկաների նկատմամբ աշակերտների վերաբերմունքը, դեռևս ցածր դասարաններից մեծացել է ուսման նկատմամբ հետաքրքրասիրությունը, բարձրացել է մոտիվացվածությունը:

Մանկավարժական խորհրդի կողմից «Գիտություն» դասընթացի ամբողջական ծրագիրը ներկայացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն, որը հաստատվել է 2015թ. հունիսի 26-ին՝ թիվ 623 որոշման համաձայն:

«Գիտությունը մոտիվացված կրթության հիմքում» կարգախոսի բովանդակությունն արտացոլված է հետևյալ աշխատանքներում.
o 1-ին դասարանում գիտություն դասաժամի տրամադրում հանրակրթության սկզբունքներով նախատեսված կարգով,
o Գիտություն առարկայի ներդրում երկրորդից հինգերորդ դասարաններում,
o Լեգո-ակումբի և ռոբոտաշինության դասընթացի ծրագրի մշակում, ուսուցման խորացում,
o «Գիտություն» դասագրքի ստեղծում և լույսընծայում (աշխատանքներն արդեն մեկնարկված են):

Նորագույն տեխնոլոգիաների ավելի լայն կիրառում

Լինելով ԻՏՁՄ ասոցացված անդամ և Մայքրոսոֆթի համագործակից կազմակերպություն, ինչպես նաև Իթվինինգ հարթակի գործուն անդամ, «Օհանյան» կրթահամալիրի ուսուցիչներն ամեն տարի նորացնում են իրենց գիտելիքները համակարգչային ծրագրերի ուղղությամբ և դրանք արդյունավետորեն կիրառում ուսումնական պրոցեսում:
Մայքրոսոֆթի կրթական գործիքների վերապատրաստումների նոր շարք է նախատեսվում նաև 2015-16 ուստարում: Ինչպես նաև մեթոդական բնույթի սեմինարներ՝ հետազոտական և նախագծահենք կրթության մեթոդաբանության ուղղությամբ՝ մեթոդիստի, համակարգչային մասնագետի և հոգեբանի համատեղ գործունեությամբ:

Նախագծահենք ուսուցման աշխատանքների համակարգում

Գիտությունը տարրական օղակում նախադրյալներ է ստեղծում միջին և ավագ օղակում նախագծահենք կրթություն ապահովելու համար: Նախատեսվում է խորացնել և համակարգել արդեն իսկ կատարվող նախագծահենք աշխատանքները, որոնք են.
Միկրոնախագծեր (նախագծեր դասարաններում տվյալ առարկայի շրջանակներում) Ավելին>>

Համադպրոցական նախագծեր (Գրքի հերոսների ամանորյա շքերթ, կարևոր տոներին նվիրված համադպրոցական միջոցառումներ, այցելություններ, օրինակ՝ ՀՀ պետբանկ, ՀՀ ազգային ժողով և այլն) Ավելին>>

Գլոբալ նախագծեր
• Մայքրոսոֆթի GEC նախագիծը 2014-15 ուստարվա ընթացքում (մասնակցում էին կրթահամալիրի շուրջ 60 աշակերտներ և 15 ուսուցիչներ) Ավելին>>
• Գիտության ամենամյա փառատոն Ավելին>>
• Միջմշակութային կամուրջ փառատոն Ավելին>>
• Թափոնների մշակում և կառավարում ծրագրի բացառիկ իրականացում GIZ նախագծի շրջանակներում Ավելին>>
• Մասնակցություն Մայքրոսոֆթի Անվտանգ համացանց նախագծին և հաղթանակներ ուսուցիչների և աշակերտների շրջանում Ավելին>>
• Աշխատանքներ և ձեռքբերումներ Իթվինինգ հարթակում Ավելին>>

Օտար լեզուների ուսուցման խորացում
2015-16 ուստարում դպրոցական բաղադրիչի օգտագործմամբ՝ ազատ ժամերի տնօրինմամբ, կավելացվեն անգլերեն և ռուսերեն առարկաների դասաժամերը՝ օտար լեզուների ուսուցման խորացման նպատակով, կներդրվի նաև մաթեմատիկան անգլերենով ուսուցանելու փորձ միջին օղակում:

Համակցված դասերի շարքի ընդլայնում
Համակցված դասերը մի քանի առարկաների և ուսուցիչների համատեղ մշակված, պլանավորված և անցկացված դասերն են, որոնց արդյունավետությունը ստուգված նախորդող երկու տարիների աշխատանքով: Ավելին>>
2015-16 ուստարում համակցված դասերը կլինեն ավելի համակարգված՝ ըստ թեմատիկ խմբավորումների:

Ժամանակակից արվեստների նախագծի մշակում և իրականացում միջին օղակում՝ կերպարվեստի դասաժամերի շրջանակներում:
Այս բոլոր աշխատանքները՝ զուգադրվելով արդեն իսկ ունեցած փորձի և արդյունքի հետ, կարձանագրեն որակական տեղաշարժեր աշակերտների մոտիվացվածության, ուսման նկատմամբ հետաքրքրվածության առումով:

Facebook IconԿրթական հարթակ