ԱՌԱՆՑ ՊԱՃՈՒՃԱԿԻՐ ԽՈՍՔԵՐԻ․․․

Մենք՝ մանկավարժներս, «վաճառում» ենք մեր գիտելի՞քը… Ո՛չ:
Մենք բոլորս էլ, իհարկե, վաճառում ենք՝ լինի դա գույք, գիտելիք թե ժամանակ՝ կայանալով և մեր ուրույն տեղն ամրապնդելով աշխատաշուկայում, որն օր օրի ավելի դաժան պայմաններ է թելադրում: Սակայն ես ուզում եմ շեշտադրել մի հանգամանք. մենք վաղուց դադարել ենք վաճառել մեր գիտելիքը, ասել է թե՝ դադարել ենք ինֆորմացիայի աղբյուր լինելուց:
Այսօր գիտելիք կարելի է ձեռք բերել ամենուր:
Այսօր ինֆորմացիայի աղբյուրներն անսպառ են:
Եվ այն, ինչ մենք սովորեցնում ենք սոկրատեսաբար, սովորողն առանց մեզ էլ կարող է գտնել համացանցում կամ այլուր, ուրեմն արժեզրկվել է գիտելիք կրելու մեր մենաշնորհը. հաճախ սովորողն ավելի տեղեկացված է, և դա զարմանալի չէ:

Ուրեմն ո՞րն է այն փոփոխությունը, որ պետք է կատարի մանկավարժը իր պատկերացումների մեջ՝ ինքն իրեն ուղղելով մեր օրերի հարցը. «Ո՞րն է իմ և համացանցի կամ տեղեկատվական այլ աղբյուրների տարբերությունը»:
Դա ոչ թե գիտելիքի որոշակի ծավալի բարեխիղճ մատուցումն է, այլ գիտելիք փոխանցելու կարողությունը, հմտությունը` անցյալից ապագա կերտելու մանկավարժական արվեստը…
Դա այն բանի գիտակցումն է, որ մենք վաճառում ենք գիտելիք փոխանցելու մեր կարողությունը…
Իսկ մեր գնորդը ծնողական համայնքն է, հասարակությունը, որն իրավունք ունի տալու սպառողի իր գնահատականը:
«Մեր ծառայությունն անթերի է»,_ասում ենք մենք, սակայն եթե դա հեռու է ճշմարտություն լինելուց, սպառողը պարզապես չի վերադառնա մեզ մոտ, կամ, որ գուցե լավագույնն է, կքննադատի, ու դա կօգնի մեզ հասկանալու մեր իսկ ծառայության որակը: Ցավոք, դեռևս հասարակական գիտակցությունը չի հասել նման համարձակության, ավանդույթի շղարշով պարուրված՝ դեռևս արձանագրում ենք մեր ճիշտն ու սխալը կամ էլ մեզ համարում անսխալ:

Սա գուցե չի բացատրում հանրային և անվճար կրթության սկզբունքը, որովհետև այստեղ ծնողը լռում է, աշակերտը՝ հաշտվում, ուսուցիչը՝ աշխատում անքննարկելիորեն: Սակայն սա ըստ ամենայնի բացատրում է մասնավոր կրթօջախի աշխատանքային սկզբունքը, որտեղ մրցակցող է յուրաքանչյուր ուսուցիչ, ով գնահատվում է համակողմանիորեն աշակերտի, ծնողի, աշխատակիցների և տնօրենության տեսանկյուններից: Եվ աշխատանքի բովանդակության ընկալման այսպիսի դաշտում է, որ ձևավորվում է կրթության որակը:

Ցանկացած դեպքում «իմ դասին ցրված է», «իմ առարկան չի սովորում», «իմ առարկան չի սիրում», «իրեն պահում է անտանելի» արտահայտությունները աղաղակում են. «Ես դժվարությամբ եմ իրականացնում իմ ծառայությունը. հնացել են գիտելիք փոխանցելու կարողություններս»:
Ցանկացած դեպքում, երբ «վաճառողը» խոստովանում է, որ ինքը «վաճառում է, նույնիսկ նվիրում», իսկ «գնորդը» պարզապես չի կարողանում «վերցնել», ուրեմն….

Մեջբերում եմ երկու ընկերների զրույցն այնպես, ինչպես կարդացել եմ գրքերից մեկում.
-Գիտե՞ս, ես իմ շանը սովորեցրել եմ սուլել:
-Ի՜նչ հրաշալի է, ապա ասա` թող սուլի:
-Ես ասացի` սովորեցրել եմ, բայց չասացի, թե նա սովորել է…

Խնդրում եմ մանկավարժություն և վաճառք համատեղումը փարիսեցիորեն անամոթ չհամարել, այլ մի պահ մտածել, որ.
Եթե մենք վաճառում ենք դեմքի հավերժ դժգոհ արտահայտությամբ և բարկության դրոշմով, ապա սպառողը խուսափում է:
Եթե մենք վաճառում ենք` բողոքելով սպառողի դանդաղ կողմնորոշվելուց և ընտրությունից, սպառողը հեռանում է:
Եթե մենք վաճառում ենք` ատելով և’ վաճառքի սրահը, և’ վաճառելու մեր քիչ վարձատրվող մասնագիտությունը, սպառողը փախչում է:
Եվ պետք չէ մարգարե լինել` գուշակելու համար, որ առաջիկայում ունենալու ենք որակավորված աշխատանքի կարիք. ցավոտ ու ահագնացող հարց՝ գիտատեխնիկական սրարշավ առաջընթացի ու աշխատատեղերի կտրուկ նվազման այս դարում:

Ցանկացած մասնավոր հաստատություն, այդ թվում և կրթական, բախվում է այս ամենին և գտնելով այս հարցերի պատասխանները, զարգացնելով գիտելիք փոխանցելու կարողությունների և հմտությունների իր համակարգն ու գիտելիքի բովանդակության որակը՝ դրանով իսկ ձեռք է բերում առավելություն մրցակցության սահմաններ չճանաչող, պետության հովանավորությամբ անբեկանելիորեն գոյություն ուենցող հանրային կրթության նկատմամբ: Եվ գործելաոճի հենց այս սկզբունքներով է բացատրվում մասնավոր կրթօջախի շրջանավարտի` ընդհանուր միջավայրում մրցակցային հմտություններով, 21-րդ դարի մարդուն անհրաժեշտ թիմային աշխատանքի և այլ կարողություններով զանազանվելը:

Ցավոք, նման վերջնարդյունքի միտում չկա կրթական բարեփոխումների հիմքում, քանի որ չկա ցանկացած մասնագետի և կրթական հաստատության նկատմամբ մրցունակության պահանջ, չկան ուսուցման արդյունավետությունը գնահատող չափանիշներ և մոտիվացնող հետաքրքրություն:

Ուստի սերունդներին կրթելու բեռն իր ուսերին առած հարգանքի արժանի մանկավարժներիս, անկախ պետական վերաբերմունքից և երկրում ստեղծված իրադրությունից, անկախ նախկինում ունեցած փորձառությունից ու ձեռքբերումներից, առաջարկում եմ վերանայել մեր կոչումը կյանքում, ու եթե նորից կընտրենք կրթությունը, ապա ամեն անգամ դասասենյակ կամ լսարան մտնելիս հիշենք մի պարզ կանոն.

Մենք իրացնում ենք ոչ թե մեր գիտելիքը, այլ գիտելիք փոխանցելու մեր կարողությունը:
Իսկ այդ կարողությունը ենթակա է անվերջ և ճկուն փոփոխությունների` անվերջ փոփոխվող հասարակությանը համապատասխան:

Եվ եթե մանկավարժությունն ինձ համար ուղղակի զբաղմունք է, ապա ես պարզապես ապահովում եմ իմ ներկայությունը լսարանում:

Եթե մանկավարժությունն իմ մասնագիտությունն է, ապա ես դասավանդում եմ բարեխղճորեն և պատասխանատվության մեծ զգացումով:

Իսկ եթե մանկավարժությունն իմ կոչումն է, ապա ես ապրում եմ այն գիտակցմամբ, որ ես աշխատում եմ ամենալավ կրթօջախում ամենից խելացի աշակերտների հետ մի այնպիսի նվիրումով, որ կոչված է դրական փոփոխություններ բերելու իր շուրջը, կրթելու սերունդներին ապագայի աչքերով, ապագայի համար…

Սոնա Միսկարյան
«Օհանյան» կրթահամալիրի փոխտնօրեն

«Կրթություն» շաբաթաթերթ
11.02.2015

Facebook IconԿրթական հարթակ