ԵԶԱԿԻ ԸՆՏԱՆՒՔՒ ՓՈՔՐ ՄՈԴԵԼԸ՝ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՍՅՈՒՆ

 <<Օհանյան>> կրթահամալիրը՝ հիմնադրված տեր և տիկին Օհանյանների աշխատասիրության, նպատակասլացության շնորհիվ, բոլորեց իր 20-ամյակը՝ կրթական հաստատության համար պատկառելի ժամանակահատված, հոբելյանական տարի։

Չորս զավակի ծնողները՝ Օհանյանները, կրթական հաստատություններ հիմնելու նվիրական գաղափարին հանգեցին, երբ զավակներից ավագը մեկնեց ուսումնառության ԱՄՆ։
Հային բնորոշ նախանձախնդրությունն իր բարի գործն արեց այս դեպքում. ինչո՞ւ չունենալ Հայաստանում կրթական այնպիսի կառույցներ, որոնցում ներդրված ծրագրերը աշակերտակենտրոն լինելուց բացի՝ յուրաքանչյուր երեխայի, ապագա ուսանողի համար կդառնան երանելի, իրապես գիտելիքահենք գործընթաց, ինչի շնորհիվ աշակերտները կարիք չեն ունենա կրկնուսույցների մոտ հաճախելու, իսկ ուսանողները՝ ավարտելով բուհը, աշխատաշուկայի համար կդառնան պահանջված մասնագետներ:

Ուսումնասիրելով ու տեղայնացնելով կրթության կազմակերպման արևմտյան նոր ուղղություններն ու տեխնոլոգիաները՝ գաղափարը դարձրին իրականություն։ Օհանյան ընտանիքն իր ջանքերով հիմնեց շարունակական կրթություն իրականացնող երեք կառույց՝ Եվրասիա միջազգային համալսարան` իր բոլոր ենթակառույցներով,<<Օհանյան>> կրթահամալիր, որն իր մեջ ընդգրկում է <<Նյուտոնիկ>> նախակրթարանը, տարրական, միջին և ավագ դպրոցները:

<<Օհանյան>> կրթահամալիրը հիմնադրման օրվանից տնօրինում է Սուսաննա Օհանյանը, որը կրթելով, դաստիարակելով երեք դուստրերին ու որդուն՝ եզրահանգեց, որ մայրական անձնատուր նվիրման արդյունքում կայացած անհատներ, մասնագետներ է ձևավորել։ Ինչպես նշեցի՝ ընտանիքի ավագ դուստրը, որի հեղինակությամբ ԱՄՆ-ում լույս են տեսել քաղաքագիտական երեք ձեռնարկներ, պրոֆեսոր է և ապրում է Բոստոնում,երկրորդը մասնագիտությամբ թեև տնտեսագետ է, կոչումով բանաստեղծուհի է՝ երկու ժողովածուի հեղինակ, իսկ կրտսեր դուստրը՝ միջնակարգ կրթությունը ստանալով <<Օհանյան>> կրթահամալիրում, բարձրագույն կրթության առաջին աստիճանը Եվրասիա միջազգային համալսարանում, այնուհետև ավարտելով Հայաստանի Ամերիկյան համալսարանը և վերապատրաստվելով արտերկրի մի շարք անվանի համալասարաններում՝ Կրթության մենեջմենթ մասնագիտացմամբ՝ հանրապետությունում պահանջված, լավագույն մասնագետներից է։ Օհանյանների որդին ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այժմ հայտնի վնասվածքաբան է։ Հիմնել է <<Վալիդուս>> բժշկական կենտրոնը և կրկին արտերկրում ստացած իր փորձն է ներդնում իր իսկ կլինիկայում, մարդ, ում հետ հիվանդներն անմիջապես ընկերանում են՝ մարդկային բացառիկ հատկանիշների ու իրական բժշկին հատուկ պատրաստակամության շնորհիվ։ Նա նաև աշխատում է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում և դասախոսում Երևանի Պետական բժշկական համալսարանում։

Մինչ Սուրեն Օհանյան գիտնականին, մանկավարժին, կրթության նվիրյալին ճանաչում են բոլորը, հասարակությանը քիչ է հայտնի միջնակարգ կրթության ոլորտում Սուսաննա Օհանյանի գործունեությունը: Ուսումնասիրելով զարգացած երկրներում ուսուցման բարձր արդյունավետությամբ հայտնի STEM+Art (science, technology, engineering, mathematics, art) համալիր դասընթացներով ուսուցման փորձը, որի դեպքում օգտագործվում են համագործակցային ուսուցման բոլոր հնարավոր եղանակները, նա կրթահամալիրի ուսուցիչներին և սովորողներին ուղղորդեց գիտելիք ձեռք բերել անձնական հետազոտությունների միջոցով: Բացի ներկա սերնդին կրթելու, դաստիարակելու պատասխանատու գործից՝ կրթահամալիրում ներդրեց <<Գիտություն>> և <<Լեգո>>և <<Ինժեներիական հմտություններ>> դասընթացը։ STEM+Art համալիր դասընթացի շարքից <<Գիտություն>> առարկան դարձավ նախակրթարանի ավագ խմբերի, տարրական դպրոցի և 5-ից 6-րդ դասարանի սաների սիրած առարկաներից մեկը: Այն հնարավորություն է տալիս սովորողի մեջ զարգացնելու ստեղծագործական, վերլուծական մտածելակերպ, կարողություններ և հմտություններ` փորձարկելու, ստեղծելու, նորարարության սկզբունքներով ներթափանցելու գիտության զարմանահրաշ աշխարհը:

Տեսնելով աշակերտների հետաքրքրությունը` գաղափարն արագ դարձավ իրականություն, և 2017 թվականին առաջին անգամ Հայաստանում լույս տեսավ <<Գիտության այբբենարան>> հանրամատչելի ձեռնարկը։ Հայտնի մուլտիպլիկատոր, անիմացիայի վարպետ Դավիթ Սահակյանցի նկարազարդումներն էլ ավելի ընդգծեցին գրքում զետեղված գիտափորձերի հետաքրքրությունը: Ձեռնարկը հիմնականում նախատեսված է պարզագույն նյութերի օգնությամբ` փորձերի միջոցով, սովորողին գիտելիք փոխանցելու, հետազոտողի, փորձարարի, վերլուծողի համեմատելու և համադրելու կարողություններն ու հմտութունները զարգացնելու և հետաքրքիր խաղերի անսահման հնարավորություն տալու համար։ Մասնագիտությամբ լինելով ապրանքագետ, ի բնե՝ մանկավարժ, Սուսաննա Օհանյանի հրատարակած ձեռնարկի առաջին հատորը՝ <<Գիտության այբբենարանը>>, նախատեսված է ուսուցիչների, ծնողների, առհասարակ, լայն լսարանի համար։ Այսօր արդեն ուսուցման նոր եղանակները հնարավորություն են տալիս դպրոցին զուգահեռ՝ նաև տանը, ծնողի վերահսկողությամբ և ինքնուրույն իրականացնել ուսուցման գործառույթներ, որոնք մեծացնում են ծնողի՝ որպես տնային մանկավարժի դերը։ Այսինքն՝ եթե խորհրդային միության ժամանակաշրջանում կրթության ընթացքում երեխաները Հայաստանում սկսում էին ուսումնասիրել <<Ֆիզիկա>>, <<Քիմիա>>, <<Կենսաբանություն>> առարկաները՝ լաբորատոր աղքատ փորձարարությամբ ու գիտելիքը բացառապես տեսական ճանապարհով ընկալելու պարտադրանքով՝ նյութը գրեթե չէր յուրացվում, որն էլ հանգեցնում էր նրան, որ աշակերտը չէր սիրում առարկան, դժվարանում էր սովորել։ <<Գիտության այբբենարանը>> մինչ նշված առարկաների ուսումնասիրությունը սովորողին անձնական փորձերով ու միջառարկայական կապերի օգնությամբ ուղղորդում է դեպի գիտության բազմաճյուղ աշխարհ։

Շուտով լույս կտեսնի նաև երկրորդ ձեռնարկը՝ նույնքան գունազարդ, նույնքան հետաքրքիր, որքան առաջինն էր, սակայն՝ <<Ես փոքրիկ գիտնական եմ>>վերտառությամբ։ Գուրմոնն ասում էր. <<Իմանալ այն, ինչ գիտեն բոլորը, նշանակում է ոչինչ չիմանալ։ Գիտելիքը սկսվում է նրանից, ինչ չգիտեն մարդիկ>>։ Թերևս այս բնաբանով էլ կարծես ուղղորդվել է Օհանյան ընտանիքի մայրն ու նորարարը, ով արդեն կրթում ու դաստիարակում է հազարավոր մանուկների։

Ազգերի ճակատագիրն իսկապես մայրերի ափերի մեջ պետք է փնտրել, բայց մինչ այդ՝ կարևորը լավ մայր լինելն է։

Facebook IconԿրթական հարթակ