ԻՆՉՊԵՍ ԸՆԹԱՆԱԼ ՉՏՐՈՐՎԱԾ ՈՒՂԻՆԵՐՈՎ

Դրանցից առաջնայինը եղել է անընդհատ ուսուցման որակի բարձրացմանը միտված աշխատանքների իրականացումը` հիմնադրման, զարգացման եւ կայացման բոլոր փուլերում ընտրելով չտրորված ուղիներ: Կրթահամալիրն իր գործունեության ընթացքում հաճախ նախաձեռնել ու իրականացրել է այնպիսի կրթական ծրագրեր, որոնք ուսուցանվել են լրացուցիչ կամ էլ դպրոցական բաղադրիչի շրջանակներում: Այդ նախաձեռնություններից առաջինը, սկսած հիմնադրման՝ 1997 թվականից, եղել է «Շախմատ» առարկայի դասավանդումը: Ի սկզբանե վերոնշյալ դասընթացի նպատակն էր ոչ միայն զարգացնել սովորողների տրամաբանելու կարողությունը, ռազմավարական մտածողությունը, այլ նաեւ պատրաստել պայքարելու, մրցելու, համառելու, հաղթելու եւ պարտվելու պատրաստ անհատներ՝ հատկապես նպաստելով նրանց աշխատասիրության բարձրացմանը: Ավելի ուշ, դարձյալ ուսումնական պլանի պետական բաղադրիչից դուրս, կրթահամալիրում ուսուցանվեց ազգային պարը՝ աշակերտի ինքնահաստատման, բարդույթներից ձերբազատվելու, հասարակական միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ազգային մշակութային արժեքներին հաղորդակցվելու, ինչու չէ, նաեւ գեղեցիկ ու սպորտային կեցվածք ձեւավորելու եւ կարգապահությունը բարձրացնելու նպատակով: Տնօրինությունը նախաձեռնել է նաեւ մի նոր դասընթաց, որը կոչվում է «Գիտություն»: Արդեն չորրորդ տարին է, այն ուսուցանվում է եւ «Նյուտոնիկ» նախակրթարանում, եւ տարրական դպրոցում: Կրթահամալիրում անցկացվում են գիտության ամենամյա ամփոփիչ փառատոներ: Սովորողները ցուցադրում են իրենց գիտական փորձերը: Փառատոներին մասնակցում են ոչ միայն սովորողներն ու իրենց ղեկավարները, այլ նաեւ ծնողական համայնքն ու խնդրով հետաքրքրված տարբեր մասնագետներ, այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Սովորողների կատարած փորձերի նմուշները ցուցադրվել են ԱՄՆ-ի Քեմբրիջ քաղաքում կազմակերպված գիտության փառատոնին: Ցավոք, գիտելիքի ստացման միայն գրքային եղանակը (եթե նույնիսկ ընդունենք, որ դասագիրքն անթերի է) կամ ուսուցչի` որպես գիտելիք փոխանցողի վարպետությունը, արդեն բավարար չեն ուսուցման ընթացքում. գիտելիքն աշակերտը պետք է ձեռք բերի ինքնուրույնաբար, կարողանա նկարագրել իր կատարած աշխատանքը, բացատրել աշխատանքի նպատակը, կատարել եզրահանգումներ: Խաղալը, փորձ կատարելը, ինքնուրույնաբար հետազոտելը եւ նոր արդյունք ստանալը, անհայտի հայտնի դառնալը, նյութերի խմբավորումն ու դասակարգումը, «ինչու»-ի եւ «ինչպես»-ի բացահայտումն ու մեկնաբանումը. ահա այն մեթոդներն ու եղանակները, որոնք զարգացնում են հետազոտական հմտություններ, հետաքրքրություն առաջացնում ուսման նկատմամբ: Սովորողի մասնակցությամբ ստացված գիտելիքը դառնում է հաստատուն ձեռքբերում, եւ զգալիորեն մեծանում է գիտելիքի մնացորդային պաշարը: Կրթահամալիրի ամենաառաջնային եւ կարեւոր ձեռքբերումը ժամանակին համահունչ նորագույն տեխնոլոգիաների կիրառումն է դասապրոցեսի ընթացքում: Բավականին նյութական միջոցներ եւ ժամանակ ներդրվեց հասնելու համար ցանկալի արդյունքին: Առաջին հերթին վերապատրաստվեցին ուսուցիչները: Ռազմավարության առաջնահերթությամբ նպատակ դրվեց խորացնելու Ինֆորմատիկա առարկայի ուսուցումը, եւ շուրջ հինգ տարի է, ինչ հենց առաջին դասարանից կրթահամալիրում դասավանդվում է Ինֆորմատիկա առարկան: Արդյունքում` 2011թվականին համաշխարհային «Մայքրոսոֆթ» ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» նախագծի շրջանակներում դպրոցական ծրագրերի ժյուրիի հաստատմամբ «Օհանյան» կրթահամալիրը ճանաչվեց աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը: Հաստատված որակավորումը հնարավորություն տվեց կրթահամալիրի աշակերտներին եւ անձնակազմին լինելու արդի կրթական գործընթացի կիզակետում, մասնակցելու վիրտուալ սեմինարներին եւ քննարկումներին, ներդնելու եւ կիրառելու աշխարհի մենթոր դպրոցների փորձը, ստեղծելու նորարարական կրթական մեթոդներ: Այնուհետեւ «Մայքրոսոֆթի» նախաձեռնությամբ կազմակերպված «Նորարար ուսուցիչ» մրցույթի երեք մրցանակները նվաճեցին մեր կրթահամալիրի ուսուցիչները (գլխավոր, առաջին եւ խրախուսական մրցանակներ. գլխավոր մրցանակակիրը մասնակցեց միջազգային ֆորումին): Իսկ 2013 թվականի «Փորձագետ ուսուցիչ» մրցույթի հաղթողը, որը Բարսելոնայում ներկայացրեց Հայաստանը, կրկին մեր կրթահամալիրի ուսուցչուհիներից էր: Կարծում ենք, հարկ է կրթել այնպիսի անհատներ, որոնք, անկախ մասնագիտության ընտրությունից, կկարողանան աշխատել ստեղծագործաբար, ունենան վերլուծելու հմտություններ եւ քննադատական մտածողություն, լինեն նախաձեռնող եւ կողմնորոշվող ցանկացած իրադրության մեջ, իսկ այդպիսի արդյունք ակնկալելու համար կրթության շենքը կառուցելիս պետք է քարերը վերցնել ապագայից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆ

«Օհանյան» կրթահամալիրի տնօրեն

«Առավոտ» օրաթերթ

Facebook IconԿրթական հարթակ