ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

 «Օհանյան» կրթահամալիրը հիմնադրվել է 1997 թ. աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի կողմից հետևյալ ընդհանուր նպատակներով և ծրագրով.

• Ստեղծել տնտեսական նոր հարաբերություններին համահունչ կրթահամալիր` ժողովրդավարական ու աշակերտակենտրոն կառավարման մոդելով և կրթության կազմակերպման համալիր մոտեցումներով:

• Բացել առնվազն հիսուն աշխատատեղ:

• Մրցութային հիմունքներով ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող հիմնական մանկավարժական կազմ:

• Զգալիորեն բարձրացնել մանկավարժների կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետու-թյունը:

• Իրականացնել սովորողների համակարգված բարձրորակ ուսուցում:

• Ներդնել ուսուցման որակի կառավարման նոր համակարգ և բացառել կրթության բնագավառին անհարիր երևույթները:

• Տարբերակել մանկավարժի աշխատավարձը:

• Յուրաքանչյուր առարկայի ուսուցումը համապատասխանեցնել կրթական շուկայի կողմից նոր սերնդին ներկայացվող մրցակցային պահանջներին:

«Օհանյան» կրթահամալիրը իր գոյության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություն-ներով, որոնք միտված են եղել ուսուցման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրներին: Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: Կրթահամալիրը առաջիններից մեկն էր, որ ներդրեց ստուգարքային համակարգը, աշակերտի և ուսուցիչների գնահատման նոր համակարգը, ինչպես նաև ջանք չխնայեց ուսուցիչների համար ստեղծելու համակարգչային մեթոդով աշխատելու պայմաններ: Այս ամենի ելակետը, նպատակը մեկն է`միայն ու միայն բարձրորակ կրթություն  տալ նոր սերնդին: Կրթահամալիրի տնօրենությունը նախանձա-խնդիր է ունենալու բանիմաց, ժամանակակից կրթական պահանջներին համահունչ, պատրաստակամ ուսուցիչների թիմ, որն ի վիճակի կլինի իրականացնելու կրթահամալիրի որդեգրած քաղաքականությունը:

Կրթահամալիրի տնօրենության նախաձեռնություններից  առաջինը, սկսած հիմնադրման՝ 1997 թվականից, եղել է նաև Շախմատ առարկայի դասավանդումը: Այդ դասընթացի նպատակն էր ոչ միայն զարգացնել սովորողների մտածելու և տրամաբանելու կարողությունները, այլ նաև պատրաստել պայքարելու, մրցելու, համառելու, հաղթելու և  պարտվելու պատրաստ անհատներ:

Ավելի ուշ կրթահամալիրում ուսուցանվեց  ազգային պարը՝ աշակերտի ինքնահաստատման, բարդույթներից  ձերբազատվելու, հասարակական միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ազգային մշակութային արժեքներին հաղորդակցվելու նպատակով:

Տնօրենությունը  նախաձեռնել է նաև մի նոր դասընթաց, որը կոչվում է Գիտություն: Արդեն չորրորդ տարին է, այն ուսուցանվում է և’ «Նյուտոնիկ» նախակրթարանում, և’ տարրական դպրոցում: Կրթահամալիրում անցկացվում են գիտության ամենամյա ամփոփիչ փառատոններ: Սովորողները ցուցադրում են իրենց գիտական փորձերը: Փառատոններին մասնակցում են ոչ միայն սովորողներն ու իրենց ղեկավարները, այլ նաև ծնողական համայնքն ու խնդրով հետաքրքրված տարբեր մասնագետներ, այլ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

Այսպիսով՝ կրթահամալիրի նպատակն է ոչ միայն աշակերտին պատրաստել հետագա` բուհական կրթության համար, ինչը խիստ կսահմանափակեր կրթության էությունը, այլև կրթել այնպիսի անհատներ, որոնք, անկախ մասնագիտության ընտրությունից, կարողանան աշխատել ստեղծագործաբար, ունենան վերլուծելու հմտություններ և քննադատական մտածողություն,  լինեն նախաձեռնող և կողմնորոշվող ցանկացած իրադրության մեջ:

Facebook IconԿրթական հարթակ