ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին ընդառաջ

ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին ընդառաջ միշտ էլ բազում հարցեր են կուտակվում անցյալի, ներկայի, ապագայի և մեր անելիքների մասին: Հատկապես հարցեր այն մասին, թե արդյո՞ք ճիշտ է անկախության մեր ուղին, ընթանո՞ւմ ենք նրա գծած ճանապարհներով, թե՞ շեղվում ենք: Այս առիթով մեր հրավերով կրթահամալիր այցելեց ՀՀ Պն մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման թեման թեև մեր անկախ պետականությունն էր, սակայն երեխաները բաց չթողեցին առիթը՝ զրուցելու մեր սահմանների վիճակի մասին հասարակությանը պարբերաբար տեղեկացնող բազմազբաղ անձնավորության հետ:

Աշակերտները շատ լավ էին պատրաստվել հանդիպմանը, նրանց հարցերը մեր դարավոր այն խնդիրներին էին վերաբերում, որոնք առ այսօր լուծում չեն ստացել. արտաքին թշնամի ու ոչ բարյացակամ հարևաններ, Արցախյան հիմնախնդրի վերջնական լուծում: Արծրուն Հովհաննիսյանը ոչ միայն պատասխանեց աշակերտների հարցերին, այլև խորհուրդ տվեց, թե իրականում ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք մեր խնդիրները լուծելիս, նա կարևորեց տնտեսության և բնական գիտությունների զարգացումը Հայաստանում՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին: Նա հորդորեց երեխաներին, որ շատ լավ սովորեն, եթե իսկապես ուզում են ապագայում լուծել Արցախի հարցը:

Հանդիպման ավարտին Ա. Հովհաննիսյանը երեխաներին ծանոթացրեց տարածաշրջանի զինված ուժերի մասին գրված իր տեղեկագրքին և պատերազմի ժամանակ գրագետ լրագրության թեմայով իր կողմից գրված հատուկ ձեռնարկին:

Ս.Կարապետյան

Facebook IconԿրթական հարթակ