Ո՞Վ, եթե ոչ ԴՈՒՔ…

«Օհանյան» կրթահամալիրի 11-րդ դասարանի սանուհի, կրթահամալիրի աշակերտական խորհրդի նախագահ Գոհար Մինասյանն այսօր մեկնում է ԱՄՆ` որպես FLEX աշակերտների փոխանակման ծրագրի ֆինալիստ:

«Առաջին անգամ FLEX ծրագրի մասին լսել եմ «Մրցունակ աշակերտների ակումբ»-ի կողմնորոշիչ հանդիպման ժամանակ,- պատմում է Գոհար Մինասյանը,-իսկ երկու տարի անց ստացա այն հեռախոսազանգը, որին ամեն տարի սպասում են հազարավոր դպրոցականներ»:

Գոհարը ծրագրին դիմել է 2016-17 ուստարվա մեկնարկային շրջանում և փուլ առ փուլ հաղթահարել բոլոր դժվարությունները:
«Երբ մտնում էի քննական դահլիճ և նայում մրցակիցներիս աչքերին, զգում էի, որ բոլորն էլ փնտրում են միմյանց հայացքները` հասկանալու և ամրապնդելու համար սեփական առավելությունները: Գիտելիքներիս առումով հանգիստ էի, իսկ ինչ վերաբերում է թիմում աշխատելու, ստեղծագործաբար մտածելու և ղեկավարման հմտություններին, ապա պետք է ասեմ, որ հենց դրանք են կրթահամալիրում ուսանելու տարիների իմ ամենամեծ ձեռքբերումները. նախագծահենք մեթոդներով կազմակերպված ուսման տարիներն ինձ դարձրել են ոչ միայն գիտակ, այլև հմուտ ու հնարամիտ»:

Գոհարի համար շրջադարձային էին «Շնորհավորում ենք, Դուք FLEX-ի ֆինալիստ եք» խոսքերը: Այժմ նա նոր գիտելիքներ, հմտություններ, ընկերներ և կյանքի փորձ ձեռք բերելու ճանապարհին է, իսկ իր հասակակիցներին ասում է. «Երբեք մի’ դադարեք երազել. հազարավոր կիլոմետրերի ճանապարհն սկսվում է ամենափոքր քայլից: Միշտ հիշեք` Ո՞վ, եթե ոչ ԴՈՒՔ»…

Հարգելի’ հետաքրքրասերներ, FLEX ծրագրի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ FLEX-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից (FLEX Armenia):

Facebook IconԿրթական հարթակ