Ուսումնական տարվա վերջին օրը ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում

Ուսումնական տարվա վերջին օրը ՕՀԱՆՅԱՆ կրթահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած դիմակահանդեսը: Այս օրվան աշակերտները սպասում են ամենաշատը, քանի որ դասարանական ներկայացումներն ու հումորային ծրագրերը պատրաստում են ինքնուրույն, առանց որևէ ուսուցչի խորհրդի: Ինչ֊որ իմաստով սա նաև իսկական անակնկալ է ուսուցիչների համար: Այս տարի դասարանները հանդես եկան հետաքրքիր հումորային մանրապատումներով: Հումորի թեմատիկան բազմազան էր. կրթությունից ու դպրոցից մինչև քաղաքականություն, բայց տոնական ծրագրի երկրորդ մասում իսկական անակնկալ մատուցեցին դիմակահանդեսի կազմակերպիչները՝ 11-րդ դասարանի տաղանդավոր սաները:

Դա մեր ամանորյա յուրօրինակ «Ֆորտ Բոյարդն» էր: Սկզբում այս հատվածը որևէ անուն չուներ, բայց այնքան սիրվեց աշակերտների և ուսուցիչների կողմից, որ պայմանականորեն անվանվեց այդպես: Ամեն բան մանրամասնորեն մտածված էր ու հաշվարկված, նախապես բոլոր դետալներով պատրաստված: Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի, որոնցից մի քանիսին մեր կազմակերպիչները գերի վերցրին, իսկ երկու խմբերին առաջադրանք տվեցին, թե ինչպես գտնեն իրենց գերի ընկերներին: Առաջադրանքներն իսկապես որ արկածային էին. նոտաների ու դաշնամուրի ստեղնաշարի օգնությամբ հուշող բառի գաղտնազերծում, բանալիների հայտնաբերում, մաթեմատիկական առաջադրանքների կատարում, իսկ վերջիններիս պատասխաններով՝ նորանոր արկածների ու առաջադրանքների հայտնաբերում: Այս ամենի համար հնարավորինս օգտագործվեց կրթահամալիրի ողջ տարածքը:

Դիմակահանդեսի ամանորյա հրաշքն այն էր, որ երկու խմբերն էլ, հաղթահարելով իրենց առջև դրված փորձություններն ու առաջադրանքները, երկու տարբեր ճանապարհներով հասան լաբորատորիա, որտեղ և գտնվում էին իրենց ընկերները: Այս ամենի խորհուրդը մեկն էր՝ գիտելիքը մեկտեղել զվարճանքի և ուրախության հետ:

Facebook IconԿրթական հարթակ