ՉԿԱՊՏԵՆՔ ՀՈԳԻՆ, ՉՍԱՆՁԵՆՔ ՄԻՏՔԸ, ԱՐՁԱԿԵՆՔ ՁԳՏՈՒՄԸ…

Ավելի ու ավելի աղքատացող, մութ, ցուրտ ու անորոշ հասարակությունը մեզ այլ, անհասկանալի դասեր էր տալիս, իսկ մեր հոգեկերտվածքն ու տեսականորեն գերբեռնված գիտամթերքը՝ այլ, և արդյունքում էլի ստացվում էր, որ մենք…ոչինչ չգիտենք…

Մի բան միայն ակներև էր.մեզ չէր գոհացնում մեր ընտրած մասնագիտությունը, քանի որ դպրոցներում անցկացվող մեր պրակտիկան չափազանց ձանձրալի և աղքատիկ էր, իսկ մանկավարժների փորձառու և անկրկնելի լինելը՝ ուղիղ համեմատական նրանց քարացած դասերին ու անշարժ դասարաններին, աշակերտների անորոշ հայացքներին ու չգիտես որտեղից հայտնված տվյալների և անունների բարդ հյուսվածքին…

Եվ միշտ տալիս էի ինձ և խեղճ դասախոսներիս հալածող նույն հարցը՝ հնարավոր չէ արդյոք ինչ-որ մի հրաշքով անել այնպես, որ դասին զբաղված լինի՝ ասել է թե կրրթական ակտիվ գործունեությամբ հետաքրքրված լինի ամեն մի աշակերտ: Նրանց պատասխանը մեկն էր. աշակերտը պարտավոր է հետևել ուսուցչին, և ինքնըստինքյան ընդգրկված կլինի ուսումնական հոլովույթին (իմ սիրելի սոկրատեսներին անծանոթ էր «փոխներգործուն մեթոդներ» արտահայտությունն անգամ, էլ ուր մնաց գաղափարը, իսկ մենք….մենք ոչինչ չգիտեինք)…

Ու երբ սխալմամբ ինձ վստահեցին իմառաջին դասը, ես «սխալմամբ» խիստ տարբեր առաջադրանքներ տվեցի յուրաքանչյուր աշակերտի, նրանք սկսեցին մեկը մյուսից հետո սխալվել, իմ «հսկիչները» անսխալ բնորոշեցին իմ սխալականությունը, իսկ ես աղոտ ու անհասկանալիորեն մտորում էի «տարբեր» և «տարբերակված» աշխատանքների տարբերության մասին՝ այդ ժամանակ բոլորովին չգիտակցելով սխալս…

Դե, ինչպես բնորոշ է ամեն մի «կոտրված» աշակերտի (իսկ մենք բոլորս կայնքում ավելի կամ պակաս չափով աշակերտ ենք), որի գլխին իջնում է ինչ-որ մեկի բախտորոշիչ գնահատականը, ես նույնպես «վախեցա» հետագասխալներից և արագ որդեգրեցի սոկրատեսի դերը և աշխատեցի ճիշտ խաղալ այն՝ «ստանալով» բարձր գնահատականներ: Բայց, ինչպես բնորոշ է ամեն մի գերազանցիկ, և որպես կանոն, անինքնավստահ աշակերտի, ես վախենում էի, որ դա էլ սխալ է…

Բայց որովհետև դեռ խորհումէի «տարբեր» և «տարբերակված» հասկացությունների տարբերության մասին, որոշեցի այս անգամ փորձել «տարբերակված» տարբերակը: Եվ որովհետև այլևս «հսկիչները» հեռուէին, ես էլ հեռու էի գնահատական-մուրճերից, հավատացեք, ես ինձ համար «հայտնագործեցի» կայծքարով կրակ ստանալու հրաշքը (երջանիկ դասաժամեր, երբ ես ոչինչ չգիտեի այն մասին, որ առանցքային առումով շրջադարձել եմ դասավանդման իմ ձևը), այն դեպքում, երբ մի քանի տարի հետո մանկավարժական գրականությունը պիտի հեղեղվեր «նորագույնմեթոդներ», «փոխներգործուն ուսուցում» տերմիններով, իսկ տարիները՝ իրար հաջորդող սեմինար-պարապմունքներով, որոնց մասնակիցները պարտադրված պիտի լինեին մի նոր դասի պես լսելու դասավանդման նոր ձևերի մասին, եթե պետք է, անգիր արված դասի պես էլ վերարտադրելու դրանք, իսկ ժամանակ առ ժամանակ՝ փորձելու ըստ էության կիրառելու ուսումնական պարապմունքների ժամանակ:

Այո՛, իմ հայտնագործույթունն անտեղի էր, և արդյունքում՝ ես նորից ոչինչ չգիտեի…
Մի վերապահումով միայն. ինձ չպատվաստեցին նոր մեթոդները, պարզապես իմ արմատները հասան անհրաժեշտ ջրի պաշարին, ու այսօր վստահ կարող եմ ասել, որ փոփոխությունը տեղի ունեցավ ոչ թե իմ շուրջը, այլ իմ ներսում, իմ գիտակցության մեջ, նորը փնտրելու ճանապարհին…

Այժմ հայ հասարակությունը պատրաստ չէ շատ ու շատ նորույթների, և պետք էլ չէ փոխառել ուրիշի ճակատագիրը: Նորություններն իրականացնելու համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ, իսկ մոտեցումները խմորվում են գիտակցության մեջ, ուրեմն ամենից առաջ պետք է փոխել գիտակցությունը, «ինչ»-ը գուցե այդպես էլ անփոփոխ մնա, փոփոխական է «ինչպես»-ը…

Հիմա էլ ինձ տանջում են հարցեր, որոնց պատասխանները գուցե տային իմ սոկրատները, գուցե հուշեին՝ ինչպես մանկացնել ուսուցչին, որ նորից ապրի անընդհատ քննադատված լինելու դառըզգացողությունն ու մեկընդմիշտ խուսափի դրանից, հիշի իր մեծ կարմիր երկուսների ու փոքրիկ կապույտ հինգերի մասին ու այսօր կարողանա գտնել գոնե մեկ ճշմարտանման տող կամ միտք, որի համար արժե մեծ ջերմություն պարգևել երեխային, ինչպես շրջել կրթության անիվը՝ վեհերոտ ու նախաձեռնությունից զուրկ ևս մի հասարակական էակ կյանք ուղարկելու փոխարեն կրթելով ինքնավստահ, բարձր ինքնագնահատականով օժտված, հնարամիտ ու նորարար անհատներ:

Ինչպես անել…
Այսօր էլ ոչինչ չգիտենք…

Ու գուցե նորից հեծանիվ ենք հայտնագործում, գուցե մի օր նորից ժամանակավրեպ համարենք մեր «գյուտը», սակայն եկեք փրկենք հենց ա՛յս սերնդին՝ չկապտելով նրա հոգին, չսանձելով միտքը, արձակելով ձգտումը…

Սոնա Միսկարյան
«Օհանյան» կրթահամալիրի փոխտնօրեն

Facebook IconԿրթական հարթակ