ՄԵՐՕՐՅԱ ՈՒՍՈՒՑԻՉԸ

Ուրեմն` անհրաժեշտ է միշտ լիքը պահել այդ սրվակը` անընդհատ սպառելով ու վերստին լրացնելով պակասը: Չէ որ Ուսուցչի համար կարևոր է հենց Աշակերտ գաղափարը. առանց աշակերտի նա ոչինչ է: Ուսուցիչը անսահման նվիրվում է իր Աշակերտին. դա վեհություն է տալիս իր կերպարին ու կոչմանը: Բայց հաճախ դա միայն պատրանք է լինում, և հանկարծ մի օր Ուսուցիչը հայտնաբերում է, որ դադարել է իր Աշակերտի համար անհրաժեշտություն լինելուց, իսկ անուշաբույր մաճառից, որ քաղցրահամ գինի էր դարձել, արդեն… քացախի հոտ է գալիս…
Այո, ուսուցիչը հաղորդիչ է, յուրահատուկ միջնորդ կամ փոխանցող աշակերտի և գիտության միջև, ուղեկից և Ուղղորդող, որը, իհարկե, չպետք է Աշակերտի հետ քայլի մինչև նրա ուղու ավարտը` Առաջնորդի դերը ստանձնած:
Դա Աշակերտին պետք չէ:
Այս փաստը գուցե խոցում է անփոխարինելի լինելու հավատամքով ապրող շատ ուսուցիչների, բայց … ակամայից հիշում եմ . «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»…
Աներևակայելի քառատրոփ հևքով զարգացող այս դարում դյուրին չէ լինել Ուսուցիչ-ուղեկցող և չվրիպել կամ չսխալվել: Իսկ այդպիսի սխալները չեն ներվում. լինել ժամանակի զգայուն ալեհավաքը, զտել ու բյուրեղացնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է աշակերտի մտքին ու հոգուն, ուղղել նրա հայացքն ու ուղղորդել այնպես, որ որքան հնարավոր է շուտ ազատվի Ուսուցիչ-ձեռնափայտից ու քայլի ինքնուրույն, հաստատուն քայլերով. ահա Ուսուցչի դժվարին առաքելությունն այսօր:
Ուրեմն, սիրելի Ուսուցիչ-ալեհավաք կամ Ուսուցիչ-ուղղորդող, եթե գիտակցել և ընտրել ես այդ կոչումը, այսինքն` պատրաստ ես ժամանակիդ շունչը դառնալու… թարմացրու անուշահամ հեղուկը…ոչ, ոչ, մի դատարկիր:
Սպառիր:
Ու նորը քամիր:

ՍՈՆԱ ՄԻՍԿԱՐՅԱՆ

«Օհանյան» կրթահամալիրի փոխտնօրեն

«Կրթություն» շաբաթաթերթ

Facebook IconԿրթական հարթակ