Փոքր թվաքանակով դպրոցներում աշակերտն
անհատ է, իսկ մեծ դպրոցներում`քանակ:


Հիմնադրման պատմությունը
"Օհանյան" կրթահամալիրը հիմնադրվել է 1997թ. աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանի կողմից հետևյալ ընդհանուր նպատակներով և ծրագրով.
√Ստեղծել տնտեսական նոր հարաբերություններին համահունչ կրթահամալիր`ժողովրդավարական ու աշակերտակենտրոն կառավարման մոդելով և կրթության կազմակերպման համալիր մոտեցումներով:
√Բացել առնվազն հիսուն աշխատատեղ:
√Մրցութային հիմունքներով ձևավորել մասնագիտական բարձր որակավորում ունեցող հիմնական մանկավարժական կազմ:
√Զգալիորեն բարձրացնել մանկավարժների կրթադաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը:
√Իրականացնել սովորողների համակարգված բարձրորակ ուսուցում:
√Ներդնել ուսուցման որակի կառավարման նոր համակարգ և բացառել կրթության բնագավառին անհարիր երևույթները:
√Տարբերակել մանկավարժի աշխատավարձը:
√Յուրաքանչյուր առարկայի ուսուցումը համապատասխանեցնել կրթական շուկայի կողմից նոր սերնդին ներկայացվող մրցակցային պահանջներին:
"Օհանյան" կրթահամալիրը իր գոյության ընթացքում հանդես է եկել բազմաթիվ նախաձեռնություններով, որոնք միտված են եղել ուսուցման որակի բարձրացմանն ու նոր սերնդի դաստիարակության խնդիրներին: Այս տարիների ընթացքում կրթահամալիրի արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: Կրթահամալիրը առաջիններից մեկն էր, որ ներդրեց ստուգարքային համակարգը, աշակերտի և ուսուցիչների գնահատման նոր համակարգը, ինչպես նաև ջանք չխնայեց ուսուցիչների համար ստեղծելու համակարգչային մեթոդով աշխատելու պայմաններ: Այս ամենի նպատակը մեկն է`միայն ու միայն բարձրորակ կրթություն տալ նոր սերնդին: Իսկ այդ նպատակին կարող ենք հասնել միայն բանիմաց, ժամանակակից կրթական պահանջներին համընթաց քայլող, պատրաստակամ մանկավարժների (ոչ դասատուների) հզոր թիմի միջոցով, որը կկարողանա իրականացնելու կրթահամալիրի որդեգրած քաղաքականությունը:
Հիմնադիրի նամակը

Օրենսդրական դաշտի անկատարության պայմաններում կրթամշակութային-ինտելեկտուալ նախաձեռնություն ցուցաբերելը, հավատացեք, չափազանց հանդուգն գործ էր` հղի ամենաանհավանական հետևանքներով: Ավելին, սկսել նախադեպը չունեցող կրթական կառույցի շինարարություն, այն էլ`կրթական համակարգի ինտենսիվ բարեփոխումների փուլում, երբ ազգային դպրոցի մոդելը և հանրակրթության զարգացման կոնցեպցիան դեռևս ավարտուն չէին, չափազանց բարդ խնդիր էր: Վերջինս ավելի է բարդանում հանրակրթության համակարգի բացառիկ յուրահատուկ լինելու պարագայում, ինչը ենթադրում է գործին համակողմանի քաջատեղյակության, նրբանկատ մոտեցումների, սրտացավ վերաբերմունքի դրսևորում: Մեկ հավելում ևս. մեր առջև խնդիր ենք ունեցել ստեղծելու համայնքային կրթական շուկայական կառույց`նրան ներկայացվող բոլոր պահանջներով:
Նախանշված ծրագիրն իրականացնելու համար խնդիր դրվեց վերականգնել նախախորհրդային և խորհրդային դպրոցների լավագույն ավանդույթները և արդեն ժամանակի փորձություն անցած հայտնի կրթական ծրագրերը`դրանք ենթարկելով բովանդակային հարստացման, արտասահմանյան հայտնի դպրոցների կրթության կազմակերպման ժամանակակից լավագույն եղանակները տեղայնացնելով` ստեղծել ազգային դպրոցի մի նոր տարբերակ`դրա ձևավորման հիմքում դնելով մի քանի պարտադիր սկզբունքներ.
√Ուսուցման կազմակերպում`ազգային գաղափարախոսության հենքի վրա:
√Աշակերտի դաստիարակություն`ազգային բարոյական նորմերով:
√Գիտելիքների մատուցում` պետական կրթական չափորոշիչներին համապատասխան:
√Մրցունակ շրջանավարտների պատրաստում`շուկայական պահանջներին համապատասխան:
√Ուսումնական օպտիմալ ծանրաբեռնվածության սահմանում, անհարկի նորամուծությունների բացառում, որոնք ավելացնում են աշակերտի առանց այդ էլ բարձր բեռնվածությունը:
√Աշակերտին ,,Սովորեցնել սովորել,, մեթոդական բարդ հնարքների միջոցով իրականացնել վերլուծության, բացահայտման և ընկալման հաջորդական գործընթացները:
√Աշակերտի ուսուցման գործընթացը զուգակցել գիտելիքների ստուգման նոր տեխնոլոգիայի ներդրմով` աշակերտի և ուսուցչի համար միշտ բաց պահելով որակյալ ուսուցման ճանապարհը:
√Շախմատը` որպես կարևորագույն առարկաներից մեկը`դարձնել 1-4-րդ դասարանների ուսումնական պլանի բաղկացուցիչ մաս:
√Ինտենսիվացնել ուսուցումը տարրական դպրոցում`արհեստավարժ առարկայական դասվարների նոր համակարգի ներդրման միջոցով:
√Ուժեղացնել և ավելի բովանդակային դարձնել միջառարկայական համագործակցությունն ու լրացուցիչ կրթությունը:
√Նորացնել կրթության կառավարման համակարգը`աշակերտակենտրոն կրթադաստիարակչական աշխատանքը դարձնելով ուսուցման և դաստիարակության գլխավոր պայման:
√Աշակերտներին զերծ պահել բարդույթներից:
√Ներդնել ուսուցման որակի կառավարման նոր համակարգ:
√Յուրաքանչյուր աշակերտի մոտ հավասար սեր և նվիրում առաջացնել կրթության նկատմամբ, ցույց տալ հարուստ և բարեկեցիկ կյանքով ապրելու իրական ուղին, որն անցնում է դպրոցով:
√Շարունակական կրթությունը,հանրակրթական բոլոր օղակներից մինչև բարձրագույն կրթության կազմակերպման ամենավերջին օղակները, դիտել որպես մրցունակ մասնագետի պատրաստման յուրահատուկ մանկավարժական հնարք:
√Հանրակրթության բոլոր կառույցներում և ուսուցման բոլոր բնագավառներում մրցակցությունը դարձնել շուկայական կարևորագույն լծակ`որպես որակյալ ուսուցման գրավական:
Սուրեն Օհանյան
աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր,
"Օհանյան" կրթահամալիրի հիմնադիրների խորհրդի նախագահ
Տնօրենի նամակը
Ես ապրում եմ ձեզ համար
Իմ սիրելի վարժարանականներ.
Արդեն որերորդ տարին է`միասին ենք,ձեռք ձեռքի տված:Շատ անգամ ես ձեր աչքերով եմ նայում աշխարհին ու մարդկանց, որովհետև կարծում եմ`սերտորեն առնչվում են իմ երազանքներն ու ձերը, արգասաբեր ճանապարհ ենք փնտրում ես և դուք…
Ես սիրում եմ ձեզ և ձեզանով եմ ես ինձ հավերժ երիտասարդ զգում:
Մեկմեկու օգնելով ու սատարելով ենք մենք անպարտ և ուժեղ: Վարժարանում անցնող իմ բոլոր տարիները համարում եմ կյանքիս պայծառ էջերից,թեպետ դժվար տարիներ էլ են եղել և թվացել է`վարժարանը կդիպչի խութերին:Բայց միշտ համոզված եմ եղել, որ բոլոր դժվարությունները մարդու համար են, որ վհատվելու փոխարեն պետք է պատրաստվել նոր թռիչքների: Այդպես է իսկապես: Մաղթում եմ, որ աներեր շարունակենք աշխատել միասին, սովորենք սիրել ու գնահատել ազնվությունը,ճշմարտությունն ու բարությունը:
Թող միշտ լույսը ուղեկցի բոլորիս:
Սիրելի ծնողներ
"Օհանյան" կրթահամալիրը գործում է` անընդհատ հանդես գալով նոր նախաձեռնություններով, որոնք միտված են ուսուցման որակի բարձրացմանը: Այս ժամանակահատվածում մեր արժեքներն են եղել գիտելիքը, անաչառությունը և նորարարությունը: Կրթահամալիրն առաջիններից մեկն էր, որ ներդրեց ստուգարքային համակարգ, աշակերտի և ուսուցիչների գնահատման նոր համակարգ, ինչպես նաև ուսուցման համագործակցային մեթոդներ: Ունեցել ենք հաջողություններ, որոնց համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում նաև ծնողներին` համագործակցության և վստահության համար: Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ամբողջ աշխատակազմն ուժ ու եռանդ չի խնայում` կատարելագործելու մատուցվող կրթական ծառայությունները` համապատասխանեցնելով ժամանակակից պահանջներին: Այժմ աշխատանքներ են տարվում երեխայի մեջ զարգացնելու փափուկ հմտություններ, ինչը համարում ենք ժամանակի թելադրանքը: Մեր ուշադրության կենտրոնում են գտնվում հետևյալ փափուկ հմտությունները.ներկայացման (պրեզենտացիոն), ժամանակի արդյունավետ կառավարման, ստեղծագործական մտածողության, թիմային, արդյունավետ հաղորդակցման, հետազոտական, քննադատական մտածողության, խնդիրներ հաղթահարելու և արագ կողմնորոշվելու, համացանցը արդյունավետ օգտագործելու հմտությունները: Նշված շատ հմտությունների ուղղությամբ աշխատանքներ են տարվում տարրական դպրոցից սկսած: Ավելի բարձր դասարաններում վերոհիշյալ նպատակով կազմակերպվում են թիմային խաղեր, իրականացվում են բազմաբնույթ նախագծեր, լսարանային նպատակաուղղված գործունեություն:Ձեռնարկված աշխատանքները բավականին ընդգրկուն են և պահանջում են երկարաժամկետ հետևողական աշխատանք և ուսուցիչների, և ծնողների կողմից:
Սիրելի ծնողներ, երեխայի արդյունավետ կրթության և դաստիարակության ճանապարհը ծնող-մանկավարժ-տնօրենություն համագործակցությունն է:
Միշտ Ձեր Սուսաննա Օհանյան