eng / հայ
Picasa Newtonic
YouTube
EIU
 

  Ուղերձ 2009-10 ուստարվա շրջանավարտներին…


 Խոսքս ուզում եմ սկսել Պարույր Սևակի  <<Որդուս>> բանաստեղծության տողերով, որը հավասարապես կարող է վերաբերել ձեզանից յուրաքանչյուրին…

       Ինձ հետ լինի, թե առանց ինձ, իմ բալի՛կս, կմեծանաս,

       Իմ օգնությամբ, թե առանց ինձ, դու երբևէ կհասկանաս,

       Թե ո՛նց պիտի ապրել կյանքում, թե ո՛նց պիտի նայել կյանքին,

       Թե աշխարհում ինչն է էժան, թե աշխարհում ինչն է անգին...

Անցան երկար ու ձիգ  մեզ հետ ապրած Ձեր տասը տարիները…

     Կարծում եմ, որ մենք`մանկավարժներս, Ձեր մեջ սերմանել ենք ամենաանգինը կյանքում`
հայրենասիրությունը: Հիշեք Վարուժան Կարապետյանին ուղղված Ձեր թոթովանքները, հիշեք Թաթուլ Կրպեյանին նվիրված միջոցառումները և թե ինչպես դուք վաստակեցիք Թաթուլ Կրպեյանի անվան դասարանում սովորելու պատիվը, որտեղ էլ սովորել է նրա դուստրը`մեր սիրելի Ասպրամը:

     Կարծում եմ, որ մենք կարողացել ենք Ձեր մեջ սերմանել գնահատել ժամանակը.

Հիշեք Լուսակերտում  այն փորձը, որ բաժակի մեջ լցրեցիք Ձեր բովանդակային առումով կատարած և կատարելիք լավ գործերը`քարերի տեսքով և աննպատակ անցկացրած ժամանակը`ջրի տեսքով: Ցանկությունս է`ամբողջ կյանքում բաժակի մեջ լցվելիք ջուրը շատ քիչ լինի…

     Կարծում եմ, որ մենք Ձեր մեջ սերմանել ենք բարին …Հիշենք այն օրը, երբ  մեր սաներից մեկի համար հանգանակություն կազմակերպեցինք, ձեր դասարանի բոլոր աշակերտները օգնեցին, ով ինչքան կարող էր, ընդհուպ`այդ օրվա իրենց նախաճաշի գումարը…

    Նաև մեր, տնօրինության և հիմնադիրների օրինակը  թող Ձեզ ուղեկից լինի…

    Գնահատել լավն ու բարին…

   Մենք առիթը բաց չենք թողնում շնորհակալական խոսք ասելու կրթահամալիրի առաջին ջատագով  Ռուբեն Հայրապետյանին, որի օգնությամբ այսպիսի կրթօջախի հիմք դրվեց…

    Մենք չենք մոռանում Վոլոդյա Բարսեղյանին, Արա Ավետիսյանին..:

    Մեր կրթօջախի կայացման գործում մեծ ավանդ ունի հատկապես արժանահիշատակ, լուսահոգի
Անդրանիկ Մարգարյանը:Նա գրչի մի հարվածով բավականին մեծ օգնություն ցույց տվեց մեր կրթահամալիրին… Պարոն Մարգարյանի  կարգախոսով է աշխատում  կրթահամալիրը`                   
           <<Ցանկացած շահ ստորադաս է ազգի ու պետության շահին>>:

    Գնահատեք նաև ձեզ կրթող ու դաստիարակող այն ուսուցիչներին, ովքեր իրենց գիտելիքները անմնացորդ փոխանցել են Ձեզ, Ձեր մեջ տեսել ու սիրել իրենց հարազատ երեխաներին…

Լուսիկ Մկրտչյան, Լիանա Երիցյան, Կարինե Սահակյան,Ներսես Սամվելյան, … և ներկայիս ուսուցիչներին, ովքեր այժմ մեր կրթահամալիրում են և շարունակում են նույն նվիրումով արարել…

       Հիշում եմ  ձեր մի քանիսի  դասվար Կարինե  Սահակյանի կազմակերպած <<Քեֆ անողի քեֆը չի պակասի>> բեմադրությունը, ձեր թոթովախոս շուրթերից հնչած խոսքերը.<<Թագավոր  ջան, եթե  քո երկրում օրենք լինի, ես իմ կանաչին կծախեմ, դու քո բյուջեն կլցնես>>:

      Կարծում եմ, որ մեր կրթահամալիրում կարողացանք  աշխատել օրինավոր և սովորեցնել հարգել օրենքը…, մեջբերում եմ մեր շրջանավարտներից մեկի խոսքերը`ավարտելուց հետո .<<…Երբ դուք այն ժամանակ ստիպում էիք երաժշտական կենտրոնը փչացնելու համար գումար հավաքել, ես զարմանում էի, թե ինչու եք բարկանում այդ չնչին գումարի համար, որ չէինք տալիս…հետո հասկացա, որ դա անում էիք մեզ դաստիարակելու համար, հետո էլ այդ գումարով մեզ թատրոն տարաք…>:

    Ձեզանից  յուրաքանչյուրը չի կարող ժխտել այն փաստը, որ ես, որպես տնօրեն, բոլորիդ նկատմամբ եղել եմ հավասարապես անաչառ և օբյեկտիվ…        

      Կարծում եմ, որ այս տասը տարիների ընթացքում կարողացել ենք մեր մանկավարժական
կոլեկտիվի օրինակով Ձեր մեջ սերմանել ազնվություն, անաչառություն, օբյեկտիվություն

…Դու հասկացիր հենց այս գլխից,մի մոռացիր երբեք,տղա՛ս.
Ազնվությունն այն է միայն,որ չի փոխվում`ոնց էլ շուռ տաս,-
Նա մի ճերմակ երես ունի,ոչ թե յոթ-ութ գունեղ աստառ…

   Ցանկությունս է, որ ձեր ճանապարհը միշտ լինի կանաչ, բերրի և դուք ինքներդ գերադասեք նոր ճանապարհներ, նոր ուղիներ հարթել… Ոգի դրեք ձեր ցանկությունների մեջ և հավատ ու գնացեք  առաջ… Հստակ սահմանեք ձեր նպատակները` ջանքերի կորուստ չունենալու համար, քանզի, երբ հստակ է նպատակը և կա ցանկություն, յուրաքանչյուր խոչընդոտ հաղթահարելի է...

   Ցանկությունս է, որ երբեք չհուսահատվեք կյանքում հանդիպած դժվարություններից…

   Աշխատանքային շուկայի պահանջները այսօր շատ արագ են փոփոխվում, ինչն էլ պայմանավորված է գիտատեխնիկական անկանխատեսելի առաջընթացով:

Ցանկությունս է, որ կարողանաք լինել սթափ և ոչ միայն կարողանաք գիտակցել ժամանակի պահանջները, այլ նաև կանխատեսել հնարավոր փոփոխությունները: Իսկ առավել կարևորում եմ ժամանակին համընթաց քայլելու կարողությունը: 

    Ցանկությունս է, որ լինեք հպարտ, բայց ոչ գոռոզ /դատարկ մարդն է գոռոզանում/…Շիտակ քայլեք կյանքում, կյանքի ճիշտ ճանապարհ ընտրեք …Երբեք մի եղեք մեծամիտ: Դուք այսօր նման եք  օվկիանոսի  ափին խաղացող այն փոքրիկ մանկիկին, որն ուրախանում է կլորիկ, փոքրիկ  քարերով և օվկիանոսի հատակից ափ նետված խխունջներով…

   Ցանկությունս է, սիրեք, բացահայտեք  <կյանք> կոչվող օվկիանոսի անհատակ գաղտնիքներն ու բարիքները…

      Կրթությունը թնդանոթ է, որի ազդեցությունը կախված է այն բանից, թե ում ձեռքերում է այն և ում է ուղղված: Հավատացած եմ, որ դուք բոլորդ ունեք դրական արժեքային համակարգ և ձեր ձեռքերում կրթություն կոչված թնդանոթը կծառայի բացառապես հայրենիքի բարօրությանն և շահին:

   Մեծ է մեր  երկրի առջև պատասխանատվության մեր բաժինը, որովհետև մեր նպատակը ավելի բարձր է եղել  շարունակ հանդիպող բոլոր խոչընդոտներից: Մեր նպատակը`երեկ, այսօր և վաղը, միշտ եղել և մնում է անփոփոխ - որքան հնարավոր է ձեզ տալ որակյալ կրթություն - բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով…

                      

                                             Միշտ Ձեր` Սուսաննա Օհանյան

Copyright © Ohanyan College, All rights reserved
Powered by developWay CJSC
Designed & developed by