Պետությունը և′ տալիս է, և պահանջում
Չնայած Տաթև Հարությունյանի հետ Ա.Բախշյանի հարցազրույցի միայն վերջում /<<Առավոտ>> օրաթերթ, 20.03.2010 թ.,<<Պետությունը ոչ տալիս է, ոչ էլ պահանջում>>/` որպես ամփոփում, անվճար միջնակարգ կրթության մասին խոսելիս, նշված վերնագրի տեսքով դժգոհություն է հայտնվում, բայց այդ միտքը կա ամբողջ հարցազրույցում: Մենք ճիշտ հակառակ կարծիքի ենք, որովհետև պետությունը և¢ տալիս է, և¢ պահանջում:
Վերնագրից առաջին տպավորությունը պետության նկատմամբ անվստահության և նրա կողմից ամենաթողության ենթատեքստն է, որն անհիմն է / միայն 2008-09 ուստարում մեր վարժարանը ստուգվել է վեց հանձնաժողովի կողմից/:
Կրթական համակարգում կողք կողքի պետական և ոչ պետական դպրոցների գործունեությունը խոսում է ժողովրդավար պետության մասին, որտեղ նման մրցակցային դաշտը կարող է նպաստել ուսուցման արդյունավետության միայն բարձրացմանը: Պետությունը մասնավոր դպրոցներին ցուցաբերում է զանազան օգնություն` անշարժ գույքի անհատույց և վարձակալական հիմունքներով հատկացում, նվիրատվություններ, դրամաշնորհային ծրագրերի մասնակցություն, ազատում է ավելացված արժեքի հարկից և ինչպես նախատեսված է <<Հանրակրթության մասին>> օրենքում` աշակերտների թվով ֆինանսավորում: Իսկ եթե դա պետությունն է ասում, մենք հավատում ենք:
ՈՒրեմն պետությունը տալիս է...
Այժմ տեսնենք պետությունը մասնավոր դպրոցներին արդյոք պահանջներ չի ներկայացնում: Լիցենզավորվելիս, ամենայն բծախնդրությամբ, ՀՀ ԿԳ նախարարության լիցենզավորող ծառայությունը ուսումնասիրում է չափորոշիչներով սահմանված պայմանների համապատասխանությունը, հատկապես տարածքային նորմերը, նյութատեխնիկական բազայով ապահովվածությունը, նույնիսկ մասնագետների մանկավարժական որակավորումը, լսարաններում աշակերտների խտությունը և այլն: Հենց այն հանգամանքը, որ ԳԹԿ-ի մասնագետները իրենց կազմած թեստերի փորձարկումը իրականացրել են նաև <<Օհանյան վարժարանում>>, խոսում է մասնավոր դպրոցի նկատմամբ պետության կողմից ներկայացվող այն պահանջների մասին, ինչպիսին առկա է պետականի պարագայում:
ՈՒրեմն պետությունը պահանջում է...
Այնպես որ, ներկայացված հոդվածի վերնագիրը անհիմն է և փաստում է տիկին Բախշյանի մասնավոր դպրոցի նկատմամբ կողմնակալ և միտումնավոր վերաբերմունքի մասին, ինչը հարիր չէ ԱԺ պատգամավորին: Եթե պատգամավորը քաղաքական ենթատեքստ է ունեցել, ապա, մեր համոզմամբ, այս մանրուքի շուրջ նրա սխալ դատողություններն, ընդակառակը, բացասական են ազդում նրա քաղաքական վարկանիշի վրա: Ցավում եմ, որ ԱԺ Կրթության և Գիտության հանձնաժողովի անդամը կրթական համակարգում եղած շատ լուրջ հիմնախնդիրների հետազոտությամբ զբաղվելու փոխարեն` ընդամենը դրսևորում է խորհրդային դպրոցին բնորոշ տնօրենի իներցիոն վարք: Դպրոցը և կրթական համակարգը որակական ու նոր փոփոխությունների կարիք ունեն: Մեր համոզմամբ պատգամավորը դրանցից տեղյակ չէ, այլապես չէր զբաղվի մի քանի դպրոցների մեկական դասարանների գրավորների արդյունքներով: Առավել ցավալի է, երբ հանրապետության բոլոր ավագ դպրոցներին բնորոշ վիճակը դարձել է ընդհանրացված ցուցանիշ և արվել են հեռուն գնացող հետևություններ: Դրա իրավունքը պատգամավորը չուներ և, ինչպես միշտ, չարաշահել է իր պատգամավորական լիազորությունները:
Եկել է համատեղ, ազգովին գործելու ժամանակը և ոչ թե մասնատելու ...
Այժմ անդրադառնանք հոդվածում տեղ գտած <<սենսացիոն>> փաստին:Չարացած մարդու, այն էլ պատգամավորի համար, առանձնապես մեծ տաղանդ պետք չէ դեսից-դենից տեղեկատվություն վերցնել և օգտվելով իր անվճար տեղեկատվություն ստանալու ու հրապարակելու մենաշնորհից` ստվեր գցել առանձին դպրոցների վրա`ապակողմնորոշելով հասարակությանը: Հետազոտական-մեթոդական և փորձնական նպատակներով դպրոցներում իրականացված գրավոր աշխատանքների արդյունքների օգտագործումը մասնավոր կրթական կառույցի մասին կարծիք կազմելու համար, երբ հանրահայտ է, որ այդ երևույթը համընդհանուր է բոլոր դպրոցներում, պետք է դիտել որպես առիթ` անձնական հակակրանքը արտահայտելու համար: Այլ կերպ չես անվանի ազգային ժողովի պատգամավորի ,,սրտացավությունը,, , ով առանց խորանալու երևույթների մեջ, ,,սենսացիոն,, թվեր է հրապարակում` կրթության փրկչի միանձնյա դերակատարություն ապահովելու համար: Մի քանի ՀԴՄ-ներ չունեցող դպրոցների մասին տեղեկատվություն հաղորդելը հաստատ պատգամավորի լիազորությունների մեջ չի մտնում: Մեր ժողովուրդը կրթության համակարգում ունի իրենց գործով զբաղվող անթիվ նվիրյալներ: Համոզված եմ, որ տիկինը մոլորության մեջ է:
Տիկի′ն Բախշյան, հարցազրույց տալուց առաջ անհրաժեշտ էր խորանալ, թե ինչ նպատակով է տրվել այդ գրավորը: Աշակերտներին ասվել է, որ առաջին անգամ տրվող այդ գրավոր աշխատանքները ԳԹԿ դիտում է որպես փորձնական և երկրորդ կիսամյակի սկզբում տարեկան ուսպլանով նախատեսված նյութերը չեն համապատասխանել դպրոցի կատարողական պլանին` այն էլ թույլերի տարբերակված խմբում:Դա եղել է մշտադիտարկման մեթոդական պահանջ: Պատգամավորին ոչ հաճելի տեղեկատվություն հաղորդենք. այդ նույն 14 աշակերտները միասնական քննական համակարգով ընդունվել են պետական բուհեր`ցուցաբերելով հետևյալ միջին արդյունքները. հայոց լեզու և գրականություն- 15,6 միավոր, անգլերենը`17,2, իսկ մաթեմատիկան` 15,5 միավոր: Եթե վիճակագիր-պատգամավորի նպատակը եղել է գնահատել <<Օհանյան>> կրթահամալիրի ուսուցման մակարդակը, ապա թող բարի լիներ ներկայացնել մյուս դասարաններում արձանագրված փայլուն արդյունքները:Այդ նույն հանձնաժողովը, օրինակ, ստուգել է 4-րդ դասարանցիների հայոց լեզվի գիտելիքները /22 աշակերտի գրավոր աշխատանքից 8 աշակերտի աշխատանքի վրա կարմիր գրիչով ոչ մի նշում չի արվել, 10 միավոր համակարգով գնահատմամբ 6 միավորից ցածր ստացող չի եղել/: Եթե չի հրապարակում նաև այդ արդյունքները, որոնք ցույց կտային այս մասնավոր դպրոցի բացառիկ առավելությունները, նշանակում է չի ցանկացել տեսնել, իսկ սա արդեն նշանակում է խտրական և միտումնավոր քննադատել մասնավոր դպրոցը: Զարմանալի է, որ պատգամավորը լավ չի պատկերացնում մասնավոր դպրոցի ապագան:Ինչ վերաբերում է, թե մասնավոր դպրոցները ,,զբաղվում են ցածրորակ բիզնեսով...,,հարցին, նկատենք, որ շատ լավ կլիներ, որ որակյալ կրթությունը ուղեկցվեր բիզնեսով և պետք չէ տագնապ հնչեցնել... դրանից կշահեր նաև մեր պետությունը:
Այդ հոդվածում կասկած է հարուցվում, թե ծնողները ում են վստահում իրենց երեխաների կրթությունը: Կրթության գործին նվիրված մարդիկ մյուսներից տարբերվում են իրենց գործին ունեցած անմնացորդ նվիրումով` ինչպես ձկնորսը կամ մեղվաբույծը:
Իմ գիտամանկավարժական գործունեության անցած ուղին, իմ երեխաների դաստիարակությունը, 4 միմյանց հաջորդող մասնագիտացված հանրակրթական և բարձրագույն կրթական կառույցների հիմնադրումը և դրանց նորարական պահանջներով շուրջ 15 տարվա կառավարման փորձը վստահություն է առաջացրել ծնողների մոտ: Այնպես որ պատգամավորին հարիր չէ անձնական նկրտումներից ելնելով, առանց համակողմանի ուսումնասիրության և մանկավարժական համոզմունքի` զբաղվել օրինաչափություն չարտահայտող տվյալների հիման վրա հետևություններ անելով: Իսկ եթե դա ինչ որ-մեկի պատվեր է, պետք է բացատրել, որ մասնավոր դպրոցը գործունեության ազնիվ դաշտ է, որը դեռ սոցիալական պատվեր է կատարում և ոչնչով չի տարբերվում եկեղեցուց: Մի¢ պղծեք այն:
Որպեսզի տիկին Բախշյանը անցնի իր ուղղակի պարտականություններին, թվարկենք այն հիմնախնդիրները, որոնց լուծումից է կախված ՀՀ կրթական համակարգի հետագա առաջընթացը. ավագ դպրոցի բարեփոխումների օպտիմալացում (1), խորքային և որակական ժամանակակից փոփոխությունների իրականացում (2), անցում ուսումնամեթոդական բովանդակային նոր համակարգի (3), դպրոցների գնահատում և հավատարմագրում (4), մանկավարժների տարակարգերի սահմանում (5), ժողովրդավարական արժեհամակարգի ներդրում դպրոցներում (6), կրթական ծրագրերում հմտությունների զարգացման հնարավորությունների ներկայացում (7), ծրագրերի բեռնաթափում ու նոր չափորոշիչների մշակում (8) և այլն: Վատ չէր լինի կրթական հանրությանն իրազեկվեր կրթական բարեփոխումների միտված այն նախագծերի մասին, որոնք, հավանաբար, մշակել է տիկին Բախշյանը:
"Օհանյան" կրթահամալիրի հիմնադիր, աշխ.գիտ դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյան