eng / հայ
Picasa Newtonic
YouTube
EIU
 


Մտորումներ ընդունելության քննություններից հետո ...

 

 Որն է ընդունելության քննությունների նպատակը: Պարզ է, որ բոլորը միանշանակ կպատասխանեն. “բուհ  ընդունվելը…”: Որն է  բուհ ընդունվելու նպատակը: Այս հարցի մասին կարծիքները, բնականաբար, միանշանակ լինել չեն կարող: Շատերի համար  բուհ-ի դիպլոմը ձևական բնույթ է կրում` ինչ-որ տեղ ինչ-որ կերպ խցկվելու համար անհրաժեշտ փաստաթուղթ: Բայց որ մեր հասարակության մեջ շատ քչերն են կարևորում որակյալ մասնագետ դառնալու ցանկությունը, կարծում եմ, շատերը կհամաձայնեն:

 Իսկ ինչպես ընտրել որակյալ մասնագետ դառնալ ցանկացողին: 

 Ըստ իս, առաջին հերթին պետք է ստուգել այսօրվա շրջանավարտի, վաղվա որակյալ մասնագետի տրամաբանությունը, գրագիտությունը, արագ և ճկուն կողմնորոշվելու կարողությունը, ինտելեկտուալ մակարդակը: Այս չափանիշները մեկ-երկու տարում, կրկնուսույցի մոտ պարապելով հնարավոր չէ ձեռք բերել: Անաչառ պահանջներ ունեցող դպրոցի, որակյալ մասնագետների և աշակերտների տքնաջան աշխատանքի շնորհիվ, ուսումնառության արդեն 12 տարիների ընթացքում է միայն հնարավոր դառնալ գրագետ շրջանավարտ և ցանկացած տիպի թեստերի և քննությունների միջոցով ստանալ բարձր միավորներ: Շրջանավարտը կարող է ունենալ ինտելեկտուալ բարձր մակարդակ, եթե ուսումնառության 12 տարիների ընթացքում կարողացել է հավասարապես յուրացնել դպրոցի բոլոր առարկաների ծրագրային նյութերը` զուգորդելով միջառարկայական կապը:

  Կրթության այս աստիճան ցածր մակարդակը շղթայական մի համակարգ է, որից հատկապես պետք է առանձնացնել կրկնուսույցների հզոր բանակի ավերիչ դերը: Երբ դասախոսները սկսեցին քննությունները կազմակերպել` բնականաբար բարդացնելով ծրագրերը ստիպեցին ծնողներին, որ երեխաներին իրենց մոտ պարապելու տան…

  Սկսվեց կրկնուսույցների հզոր բանակի հաղթարշավը… հեղինակազրկվեց դպրոցը, դասավանդող ուսուցիչը: ՈՒսուցիչը սկսեց հիասթափվել ու չաշխատել, աշակերտը և ծնողը հույսները դրեցին կրկնուսույցների վրա` մտածելով, որ վերջին տարում պարապել կտան, կընդունվեն: Եթե շտեմարանով վարժեցնելով հնարավոր էր ապահովել բարձր թվանշաններ, ապա միասնական քննությունների այս համակարգը այն կբացառի, քանի որ աշակերտը պետք է քննություն տա այն ամենից, ինչ տվել է դպրոցը իրեն տասներկուամյա կրթության ընթացքում` համապատասխան կրթական պետական չափորոշիչների:

  Աշակերտն էլ, ծնողն էլ կհասկանա, որ միայն այս դեպքում, այսպիսի բարձրորակ կրթության պայմաններում, 12  տարին լիովին բավական է` դիմակայելու ընդունելության քննություններից անպակաս բոլոր անակնկալներին: Բայց, քանի որ (մեզանից միշտ անպակաս են բայց-երը), թեստեր կազմողները նույն կրկնուսույցներն են (թեպետ դա ուղղակի պետք է բացառվեր), որոնք արհեստականորեն բարդացնում են թեստերը, որ միայն իրենց մոտ պարապելու գնան` աստղաբաշխական գներով…
   Չեմ մոռանում երեք տասնյակից ավելի դիմորդ ունեցող թեստերի հեղինակի արտաբերած խոսքը` ուղիղ եթերով. “Կպարապեմ այնքան, քանի դեռ ինձ նորմալ չեն վարձատրում”:

   Միթե սա մանկավարժի խոսք է: Իսկ եթե քո կազմած թեստը ճակատագիր է արժենում: 

 Տեղին է հիշել Խորենացուն, որ կասեր. “Ողբամ քեզ, հայոց աշխարհ, ո՛ր այսպիսի վարժապետներ ունես”: 

 Բայց բոլոր դեպքերում, քանի որ միասնական քննությունների թեստերը բոլորի համար նույնն են, հետևաբար պայմանները բոլորի համար նույնն են, ուրեմն սուբյեկտիվությունը անհամեմատ քիչ է: Սա, ի դեպ, միասնական քննությունների առավելությունն է, եթե թեստերի հեղինակները գաղափարը  չվարկաբեկեն: 

 Փառք ու պատիվ այս համակարգը  իրականացնողներին:

   Քննությունների ամբողջ ընթացքում միայն թեստերն էին քննադատում` հաշվի չառնելով աշակերտի իրական գիտելիքը: Իսկ ովքեր են այդպիսի ցածր մակարդակի գիտելիքներ հաղորդել մեր աշակերտներին: Իհարկե, ինչ-որ տեղ ինչ-որ կերպ խցկվելու համար անհրաժեշտ փաստաթուղթ ձեռք բերած վայ-մասնագետները: Այժմ մենք քաղում ենք անորակ մասնագետներ պատրաստելու դառը պտուղները: Կրթահամալիրը հայտարարել է բոլոր առարկանների մասնագետների մրցույթ: Նոր դիմած ուսուցիչների 90%-ը (ավելի շատ պետական բուհ-եր ավարտած) կենսագրությունները գրում են ահավոր տառասխալներով, չսիստեմավորված և չհիմնավորված շարադրանքով: Միթե այս մասնագետներն են կրթելու մեր վաղվա հենարաններին: Միթե կարելի է այսօրվա "մի փոր հացի" համար խաթարել ապագա սերունդների ճակատագիրը: 

 Մեր կրթահամալիրի աշակերտների քննությունների արդյունքները արդեն երրորդ տարին է, ինչ  ապացուցում են, որ տարիների ընթացքում կաթիլ-կաթիլ ստացած գիտելիքը չի մոռացվում և ցանկացած տիպի քննությունների և ցանկացած տիպի թեստերի դեպքում կարողանում են ստանալ իրենց իրական գնահատականը: Ծածկագրված գրավոր աշխատանքների մուտքը կրթահամալիր նույն դաժանությամբ էին քննադատում, ինչպես պարբերաբար քննադատում են  միասնական քննությունների թեստերը: Բայց քանի որ մեր նպատակը միշտ  ավելի բարձր է եղել, քան ցանկացած քննադատություն, այն է` որքան հնարավոր է տալ որակյալ կրթություն բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով, մեր համառությունը հաղթեց և մեր որդեգրած աշխատելաոճը տվեց իր ցանկալի արդյունքը` ընդունելության քննությունների այսօրվա պայմաններում մեր սաների հաջողությունները:

 Տարիների իմ փորձը ինձ իրավունք է տալիս մի առաջարկություն անելու` ի նպաստ մեր կրթական համակարգի: Առաջարկություն, որը կբարձրացնի թե՛ դպրոցի վարկը, թե՛ կրկնուսույցների պատճառով հանիրավի վիրավորված ուսուցիչների հեղինակությունը, և թե կբացառի շատ թերացումներ, որոնք անխուսափելի են ընդունելության քննությունների ժամանակ:

 Ես ուզում եմ համաձայնել այն մտքի հետ, որ այս կրթակարգը աստիճանաբար տանելու է դեպի ընդունելության քննությունների վերացում, որ 12 տարիների ընթացքում որակյալ  կրթություն ապահովող կրթօջախի հասունության վկայականը պիտի այցեքարտ հանդիսանա ցանկացած  բուհ ընդունվելու համար: Եվ հակառակը, եթե շրջանավարտը չունի այդ վկայականը, ավելորդ տեղ չզբաղեցնի արժանավորի փոխարեն:

 Մեր կրթօջախի օրինակով ես ուզում եմ վստահեցնել, որ եթե կրթօջախը հիմնադրման պահից որդեգրել է միայն բարձորակ կրթություն աշակերտներին, ոչ մի մասնավոր պարապմունք կարգախոսը, պետք է հետամուտ լինի դրա անաչառ, անկողմնակալ և օբյեկտիվ իրականացմանը (յուրաքանչյուր քառորդ տրվող ծածկագրված գրավորների անցկացումով, որոնք կազմվում և ստուգվում են դրսի մասնագետների կողմից, մանկավարժի աշխատանքի ամենօրյա վերահսկողությունը և այլն, և այլն):  Այս պայմաններում, բնական է, որ կրթությունը կլինի որակյալ և հասունության վկայականն էլ վճռական ձայնի իրավունք կունենա: Մնում է, որ ԳԹ Կենտրոնի կողմից պարբերաբար վերահսկողություն սահմանվի, ուսումնասիրություններ արվեն և աստիճանաբար հստակեցվի միջնակարգ կրթության նպատակը` կրթված ու զարգացած քաղաքացու ձևավորումը: 

                                                                        

 “Օհանյան” կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Օհանյան



 




 

 

 

  

Copyright © Ohanyan College, All rights reserved
Powered by developWay CJSC
Designed & developed by