eng / հայ
Picasa Newtonic
YouTube
EIU
 

Անավարտ դիմանկար

       Փորձում եմ տալ դիմանկարր մի մարդու, ում հետ ամեն օր շփվում եմ աշխատանքի բերումով  ու  ... դժվարանում եմ … Դժվարանում եմ, որովհետև ապրել ու արարել այսպես անաղմուկ, առանց թմբկահարելու, առանց բարձրագոչ ու ամպագոռգոռ  խոսքերի, մեր օրերում անհավատալի է: Իսկ լուռ մարդկանց երբեմն դժվար է հասկանալ…
Ահա այսպիսին է մեր հրաշալի ընկերը, տաղանդաշատ արվեստագետ Վահան Շիրոյանը: Համեստ, լռակյաց, պարկեշտ անհատականությունը կյանքի, աշխարհի ու մարդկանց  հետ խոսում է  իր ստեղծագործությունների լեզվով: Փայտն ասեղնագործվում, իմաստավորվում, վերականգնում պատմություն, անցյալ, հիշողություններ…

      Հայկական փայտարվեստն ավանդական այն ուղղություններից է, որ անմիջականորեն կապված է ժողովրդի պատկերացումների, հոգեբանության, ազգային կերպի հետ . դա մեր լեզուն է, մեր կերպը, մեր դեմքը և այդ լեզուն, դեմքը, կերպը մեզ փոխանցվում է այսպիսի մարդկանց շնորհիվ, ինչպիսին Վահան Շիրոյանն է, որն, անկասկած, իր մնայուն տեղն ունի այսօր հայկական փայտարվեստի բնագավառում:

"Սա մեծ արվեստ է` մեծ զգացումից ծնված…" Արվեստաբան Սարո Սարուխանյանի բնութագրումն է: Ամեն լավ բան  սիրուց է ծնվում և հակառակը:  Չլիներ այդ մեծ զգացումը, չէր լինի "Ավետումը", "Սբ. Էջմիածնի արարումը",

"12 առաքյալները", "Վերջին ընթրիքը", "Խաչելություն", "Հարություն", "Համբարձում", "Գր. Նարեկացի", "Ադամն ու Եվան", "Խորհրդավոր ընթրիք" գործերը և այլն, և այլն…

       Վահան Շիրոյանի բոլոր գործերը աչքի են ընկնում  կատարման բարձրաճաշակությամբ և նրբազգացությամբ: Ասես հոգևոր ապրումով լի փայտակերտ յուրահատուկ աղոթքներ են… Նյութեղեն և աննյութ`միաժամանակ:

Սերը ճշմարիտ բարու, գեղեցիկի ու հավերժականի հանդեպ, որի ակունքը ոչ միայն վարպետ-արվեստագետի ներաշխարհում է, այլև այն ազգ-ամբողջականության մեջ, որից սերել է Վահան Շիրոյան անհատականությունը:

Վահան Շիրոյան անհատականության ձևավորման գործում մեծ է վանեցի Տրդատ պապից ժառանգած փայտարվեստի նկատմամբ սերը, տատից` անմնացորդ հավատքն առ Աստված…

       Ամենավերջինը կդառնա առաջին, ամենաանշուքը`շքեղ, մեռածը` կենդանի, եթե նրանց հաղորդվի արվեստի շունչն ու արարչական սերը…

       Անշունչ փայտին կյանք կարող է շնորհել միայն Աստված ու նաև այն արվեստագետը, ում Տերը բաշխել է իր արարչական շնորհը:

       Արմատից կտրած չոր ու ցամաք ճյուղն ու փայտը վաղուց են հաշտվել կորստյան մտքին, բայց Վ. Շիրոյանը  նրանց  կյանքի է կոչում, ստիպում ապրել:

      Վահան Շիրոյանը իր ստեղծագործություններով ավելորդ անգամ փաստում է, որ հայի տոհմածառը միշտ կենսունակ է: Իսկ մենք ուրախ ենք մեր աշակերտների համար, որ իրենց աչքի առաջ ունեն գեղեցիկ ապրելու այսպիսի  մի օրինակ, մարդ, որի ստեղծած արժեքը ժամանակն է չափելու, մարդ, ով հրաշալի սերտել է "Ոչ միայն հացիվ այլև բանիվը": Մեր օրերում եզակի հանդիպող մի երևույթ:  

                                                                                        
Սիրով` Սաթենիկ Մարկոսյան

         








Copyright © Ohanyan College, All rights reserved
Powered by developWay CJSC
Designed & developed by