2011 թվականի նոյեմբերի 7-10-ը ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում կայացավ Մայքրոսոֆթ ընկերության կողմից կազմակերպված կրթական Գլոբալ ֆորումը: Ֆորումին մասնակցում էին աշխարհի գրեթե 70 երկրների շուրջ 900 մանկավարժներ և կրթության ոլորտի ներկայացուցիչներ: Ֆորումի չորս օրերը լի էին անակնկալներով, ինֆորմացիայով, նորարարությամբ, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ցուցադրությամբ:
Ֆորումին մասնակցում էին նորարար մանկավարժներ` իրենց նախագծերով, ինչպես նաև 2011 թվականին ընտրված 66 նորարար կրթական հաստատություններ: Ուրախ եմ տեղեկացնել, որ աշխարհի նորարար կրթական հաստատությունների մեջ այս տարի ընդգրկված է <<Օհանյան>> կրթահամալիրը:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Մայքրոսոֆթ ընկերության կողմից ստեղծված նոր ծրագրեր, որոնց կիրառումը լսարաններում կամ լսարաններից դուրս կբարձրացնի ուսուցանվող գիտելիքի արդյունավետությունը: Ներկայացված ծրագրերից մի քանիսը`Microsoft Mathematics 4.0, Windows Live Movie Maker, Microsoft Photosynth, Microsoft Mouse Mischief, WorldWide Telescope, Windows Live SkyDrive, արդեն կիրառվում են կրթահամալիրում գիտություն և ինժեներիա,մաթեմատիկա, աշխարհագրություն, մայրենի, անգլերեն և երաժշտություն առարկաների դասաժամերին:
Մանկավարժների համար կազմակերպվեցին դասախոսություններ, որոնք վարում էին Ավստրալիայից և ԱՄՆ-ից հրավիրված պրոֆեսորներ: Հանդես եկավ նաև ԱՄՆ-ի կրթության նախարար Արն Դունկանը և իր խոսքում կարևորեց մասնակիցների դերը աշխարհի կրթական գործընթացում, և որ նրանք պարտավոր են իրենց ունեցած գիտելիքները և նախագծերը տարածել մնացած հաստատություններում:
Ֆորումի ընթացքում ձևավորվեցին աշխատանքային խմբեր: Յուրաքանչյուր խմբի անդամ ներկայացրեց, թե որ գաղափարը այդ ֆորումի ընթացում իր համար դարձավ առաջնային, և թե այդ գաղափարը ինչպես պետք է կիրառվի: Գաղափարների ներդրման, աշխատանքների կոորդինացման համար ընտրվեցին մենթորներ, որոնք ամբողջ ուսումնական տարվա ընթացքում կօգնեն նորարար դպրոցներին: <<Օհանյան>> կրթահամալիրի համար մենթոր դպրոց է հանդիսանում Ռումինիայի համակարգչային գիտություն և տեխնոլոգիա դպրոցը: Ֆորումի ընթացքում մշակվեց 1 տարվա աշխատանքային գրաֆիկ: Աշխատանքները ներառում են բազմաբնույթ նախագծեր, վիրտուալ կապ այլ երկրների աշակերտների հետ, աշակերտական նախագծերի ներկայացումներ, սովորույթների և ավանդույթների քննարկումներ…
Շատ տպավորիչ էր նաև ֆորումի փակման արարողությունը,առավել զգայացունց` մանկավարժների մրցանակաբաշխությունը: Հայտարարված էր 6 անվանակարգեր, իսկ յուրաքանչյուր անվանակարգ բաղկացած էր 3 տեղերից: Յուրաքանչյուր խոսք, անվանակարգ, ողջույն ընդգծում էր, թե ինչ մեծ առաքելություն է մանկավարժ լինելը:
<<Օհանյան>> կրթահամալիրի ողջ անձնակազմը մեծ սիրով և ոգևորությամբ հայտնում է, որ միշտ պատրաստակամ է կիսվել իր ձեռքբերած մեթոդներով, կրթական նոր ծրագրերով, հաջողություններով, փորձով և այլն:
Մենք հպարտ ենք, որ հանդիսանում ենք աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը, ինչը ապացուցում է մեր գործի կարևորությունը.այն է` կրթահամալիրը հանդիսանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության ասոցիացված անդամ, և արդի կրթական գործընթացը այլևս չի պատկերացնում առանց ինֆորմացիոն և հաղորդակցման տեխնոլոգիաների :