Category Archives: news

ԳԻՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ

STEAM ծրագրի (Գիտություն, Տեխնոլոգիա, Ինժեներիա, Արվեստ, Մաթեմատիկա) շրջանակներում կրթահամալիրի սաներն իրականացրին ԳԻՏԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ նախագիծը:

Նախագծի առաջին փուլը.
Ուսումնասիրեցին, թե ինչ պայմաններում են աճում սերմերը, դա փորձարկեց ու դիտարկեց յուրաքանչյուր աշակերտ՝ աճեցնելով սեփական փոքրիկ «արտը», հետևելով սերմերի «վարքագծին», իսկ «հասուն արտն» արդեն Սուրբ Զատիկին ունեցավ իր ուրույն տեսքն ու ոճը:

Նախագծի երկրորդ փուլը.
Սաներն իմացան նաև Սուրբ Զատիկի նախապատմությունն ու տոնի նշանակությունը, և իրենց ձեռքերով պատրաստեցին խորհրդանշական զարդեր տեխնոլոգիայի դասաժամերին:

Նախագծի երրորդ փուլը.
Իսկ ահա նկարչության դասաժամերին թղթին հանձնեցին իրենց երևակայությունը, պատկերացումներն ու տպավորությունները՝ չմոռանալով այն ամենը, ինչի մասին խոսել էին մայրենիի դասաժամերին, և այն երգերը, որ սովորել էին նախագծի ընթացքում:

Նախագծի չորրորդ փուլը.
Միջոցառումներ՝ նվիրված Սուրբ Զատիկի տոնին…

Նախագծի դաստիարակչական նշանակությունը.
Բացի նախագծի ընթացքում կատարվող ակնառու աշխատանքներից ու նոր գիտելիքներից՝ սաները սերմերն աճեցնելիս սովորեցին լինել համբերատար ու հոգատար, խնամքով ջրել, երբ անհրաժեշտ է, և հիշել. ամեն ինչ և ամեն ոք մեր շուրջը հոգատարության և համբերատար վերաբերմունքի կարիք ունի, որպեսզի մարդկային հարաբերություններն էլ արևի լույսից ծլարձակող սերմերի նման լինեն դրական, գեղեցիկ ու ներդաշնակ…

ՄԱՅՔՐՈՍՈՖԹԻ EDUCATIONAL EXCHANGE ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՐՈՒՄ

Ս.թ.մարտի 21-23-ը Տորոնտոյում կայացավ Մայքրոսոֆթի Education Exchange համաշխարհային ֆորումը, որին մասնակցելու համար ԱՊՀ շրջանի Կրթության բաժնի ղեկավարի կողմից հարցազրույցի արդյունքում ընտրվել էր «Օհանյան» կրթահամալիրի անգլերենի մասնագետ Սոնա Մանուկյանը:

Education Exchange-ի ժամանակ մասնակիցները բաժանվեցին թիմերի, և նրանց տրվեց թիմային առաջադրանք Strategize անվանակարգում: Այսինքն՝ թիմերը պետք է ներկայացնեին մի նոր գաղափար Մայքրոսոֆթի կրթական գործիքակազմում: Այս մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց այն թիմը, որի առաջատարներն էին Սոնա Մանուկյանը Հայաստանից և Ֆիլիպինների, Չեխիայի, Մալազիայի, Քենյայի և Կանադայի ներկայացուցիչները:

Շնորհավորում ենք Սոնա Մանուկյանին՝ կիսելով նրա ձեռքբերումների բերկրանքն ու մաղթելով նոր վերելքներ:

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Օհանյան» կրթահամալիրը Ռոբոտաշինության խմբակի աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելու և զարգացնելու նկատառումներով ձեռք է բերել Vilros Ultimate Starter Kid Guide սարքավորումը, որը գործարկելու և նպատակային կերպով կրթական միջավայրում կիրառելու համար պահանջվում են արհեստավարժ մասնագետներ:

«Օհանյան» կրթահամալիրը հրավիրում է Ֆիզիկա և Ծրագրավորում առարկաների գերազանց մասնագետների՝ բարձր աշխատավարձով: Համապատասխան գիտելիքներ և կարողություններ ունեցող մասնագետները կարող են նաև կրթահամալիրի օժանդակությամբ կազմակերպել և վարել անհատական կամ խմբային պարապմունքներ:

Facebook IconԿրթական հարթակ